Վայոց ՁորAreni Wine Art․ Մի կտոր Վայոց ձորից

Areni Wine Art․ Մի կտոր Վայոց ձորից

Բարձրացանք Արենիի վերևում գտնվող  քարեղեն մի զանգվածի վրա, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Նորավանքի կիրճը։Երբ շատ բարձր կետից ներքև ես նայում  հայտնաբերում ես բարակ ժապավեն դարձած ճանապարհները ու ակամայից հասկանում, որ մեզանից յուրաքանչյուրը նոր էջ կարող է բացել սեփական կյանքում: Դժվարանում եմ ողջ զգացածս նկարագրել, մեկ անգամ պետք է լինել այս վայրերում, որպեսզի հասկանաք պատկերի ողջ ճոխությունը։  Կհիշե՞ք, ամիսներ առաջ ճանապարհները տարան դեպի Հրաշքաբերդ, իսկ այն  բարձրանալու համար կանգ առանք Արենի գյուղում։    Պատմելու եմ Areni wine art հյուրատան մասին, որտեղ էլ պատրաստվում էինք գիշերել։ Հյուրատան մուտքի մոտ դիմավորեց նախաձեռնության հեղինակ, հիմնադիր Դավիթ Սիմոնյանը։ Նախքան տեղավորվելը, շրջեցինք տարածքում։ Բակում վեր խոյացած թթենու ծառ կնկատեք, քաղցրությամբ, հյութեղ տեսքի պատճառով աննկատ չի մնում՝ հյուրընկալած զբոսաշրջիկների սիրելի անկյուններից է։ Հյուրատունն ունի փոքր գրադարան, և եթե շատ ուշադիր լինեք Վայոց Ձոր մարզի մասին  գիրք կնկատեք։ Դավիթը համեստ ժպտում է․-Պապան է գրել։  Հյուրատունը նաև մեծ բակ ունի, որտեղ զանազան հավաքույթներ են կազմակերպվում հյուրերի համար։  – 7-րդ դասարանում էի սովորում, երբ տեղափոխվեցինք Երևան։ Սրտովս չէր, գյուղը շատ էի սիրում։ 2004 թվականին, այստեղ առաջին անգամ կազմակերպվեց գինու փառատոն, մենք էլ գյուղ եկանք։ Հանդիպեցինք գյուղ ժամանած զբոսաշրջիկների, ովքեր հյուրանոց էին փնտրում։ Հային բնորոշ հյուրընկալությամբ տուն հրավիրեցինք, որպեսզի մեզ մոտ գիշերեն։   Երեկոյան ընթրիքի շուրջ սկսեցին զրուցել Հայաստանից, Վայոց Ձոր մարզից, նրանց հետաքրքիր էր ինչո՞ւ գյուղում հյուրանոց չկա։ Ըստ նրանց, փառատոնից հետո զբոսաշրջիկները մի գիշեր գյուղում կարող են մնալ, ծախսված գումարն էլ կօգնի գյուղի զարգացմանը։ Դավիթը կարճ դադարից հետո շարունակում է․-Քաղաքն իմը չէր։ Ինչ որ բան էր պետք նախաձեռնել գյուղում մնալու համար։ Դժվարությունները շատ էին առաջին երեք տարիներին, քանի որ 0-ից էր հյուրատան նախաձեռնությունը մեծ վարկեր ու պարտքեր ունեցա։
Դավիթ Սիմոնյան

Դավիթ Սիմոնյան

Երիտասարդ ձեռներեցը անձամբ է զբոաշրջիկներին դիմավորում․- Զրուցում և օգնում եմ, որ բացահայտեն մեր մարզը։ Կազմակերպում ենք լոկալ տուրեր ամենագնացով և քայլարշավ ձևաչափով։ Հայրիկս գինու մառան ունի, որը լավագույններից մեկն է գյուղում, հյուրերը ծանոթանում են հայկական գինու պատրաստմանհետ, նաև տեղում գինու համտես անում։ Արենի ժամանած զբոսաշրջիկը կարող է մի քանի օր գյուղում մնալ, անելիքները շատ են, ձանձրանալուն ժամանակ չի մնա։ -Ինձ համար կարևոր է որպեսզի զբոսաշրջիկը Areni wine art-ում իրեն զգա ինչպես իր տանը։ Սա իմ տունն է, որտեղ ծնվել և մեծացել եմ։ Ժամանած հյուրը մեր ապրելակերպի մասն է դառնում, այլ կերպ ասած՝ տան անդամը։ Areni wine art հյուրատան երեք ննջասենյակները չէին բավարարում։ Պահանջարկը մեծանալու հետ ավելացրեցին հինգ ննջասենյակից բաղկացած երկրորդ հարկ։ -Եթե առաջին տարիներին  30 հոգու համար էինք կարողանում ճաշ և ընթրիք մատուցել, ապա այսօր  թիվը հատում է 100-ը։ Նախկինում 8 հոգի էին մնում, այսօր՝ 25 հոգի։ Արդյունքում ստեղծվեց մի հյուրատուն, որտեղ մարդիկ կարող են ոչ միայն գիշերել, այլև վայելել Հայաստանին բնորոշ հիանալի գինի, մասնակցել ավանդական ճաշատեսակների պատրաստմանը, համեղ սնվել և ունենալ անկրկնելի ճանապարհորդություն։ Հաջողության բանաձևը շատ պարզ է, սիրել այն աշխատանքը, որն իրականացնում ես։ -Ամեն ինչ հնարավոր է, եթե դու սիրում ես քո գործը։ Հավատացեք ամեն ինչ հաղթահարելի է, -կիսվում է Դավիթը։ Արենիում լեռան եզրին բարձրացանք և սկսեցինք հիանալ գինու տարածաշրջանով։ Երիտասարդն այստեղ հողատարածք է գնել և պատրաստվում է խաղողի այգիներ ու գինետուն հիմնել։ -Սիրեք ձեր տունը, սիրեք ձեր գյուղը,- եզրափակում է Դավիթը։    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ