ԼոռիՈւրվական դարձած գործարանների հետքերով

Ուրվական դարձած գործարանների հետքերով

Լուսանկարները, վավերագրական ֆիլմերը, գրքերը  և պահպանված փաստաթղթերը կարող են խոսել և ներկայացնել ժամանակի անցման մասին, սակայն  կան լքված վայրեր, որոնք ավելի շատ բան կարող են պատմել նույն այդ ժամանակի, ապրելակերպի ու  մարդկային հայացքների մասին։ Հայաստանում կան բազմազան նման վայրեր, որոնք կանգուն են ու խոսուն։ Շատերիս համար ժառանգություն, իսկ ոմանց համար՝ թարմ հիշողություն։ Ուղղությունս Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք  Վանաձորն էր, որտեղ կան լքված գործարաններ, և որտեղ ժամանակը կանգնել է հստակ օրվա և գործողության վրա։ Այն զգացողություներն ու տպավորությունները, որոնք ունեցա ավերված ու լքված գործարաններ այցելելու ճանապարհին, պարզապես չեմ կարող բառերով նկարագրել։ Դուք այդ ամենը պետք է  սեփական աչքերով տեսնեք։

Վանաձորի քիմիական գործարան

1931 թվական, շինարարություն, որին սևեռված էր ոչ միայն  կառուցողների, այլև ողջ բնակչության ու ղեկավարների ուշադրությունը։ 42 աշխատանքային խումբ  է ստեղծվել քիմիական գործարանի շինարարության համար։ Շրջանի յուրաքանչյուր կոմերիտական պարտավոր էր  10 օր աշխատել քիմշինում։ Սակայն այն ժամկետները, որոնք նախատեսված էին գործարանի գործարկման համար, իրականացնել չհաջողվեց։

 

  Չկային ո՛չ տնտեսական, ո՛չ էլ տեխնիկական հնարավորություններ։ Հողային ամբողջ աշխատանքը կատարվում էր մարդկային ուժով, առանց մեքենաների։  Ունեցած «տրանսպորտը» մի քանի տասնյակ եզան սայլերն ու ձիեր էին։

 

Քիմիական  գործարանի կառուցումն օժանդակեց այն բանին, որ հարյուրավոր  երիտասարդներ ընտրեցին կառուցողի մասնագիտություն։ Եվ եթե 1920 թվականի  Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությունը կազմում էր շուրջ 4000 մարդ, ապա 1932-ին  հասել էր շուրջ 13․000 մարդու։

 

Ջերմա էլեկտրո կենտրոն

Լքված, նախկին գործարանների տարածքները, որքանով հնարավոր էր  ուսումնասիրեցինք։ Սպառիչ էր, որովհետև ամեն քայլափոխին հարցնում էին, թե ի՞նչ էինք այնտեղ կորցրել։  Ֆանտաստիկ էր, այն ինչ մեզ առջևում էր սպասվում։ Կենտրոնը ստեղծվել է 1962 թվականին, և տաք էլեկտրաէներգիայից, տաք ջուր ու գոլորշի է մատակարարել ոչ միայն մի շարք արդյունաբերական գործարանների,  այլև՝ բնակելի տներին ու բնակարաններին։ Ամբողջ քաղաքը սնուցվում էր այս կենտրոնի միջոցով։

 

Ճշգրիտ հաստոցների գործարան

Գործարաններից յուրաքանչյուրն ունի  իրեն բնորոշ առանձնահատուկ հմայք: Եվ երբ փորձեցինք պատկերացնել  մարդկանց ու նրանց կյանքը գործարաններում, զգացինք պահպանված աուրան։ 

 

Ճշգրիտ հաստոցների գործարանի արտադրանքն իրացվել էր ԽՍՀՄ-ում, ինչպես նաև ավելի քան 30 օտարերկրյա պետություններում։  Այստեղի արտադրությունը նույնպես մի շարք երկրներում ցուցահանդեսների է մասնակցել, իսկ 1966 թվականին «4531» մակնիշի էլեկտրակայծային հաստոցը արժանացել է 3 ոսկե մեծ մեդալների։ Գործարանը գիտատեխնիկական կապեր է ունեցել Մոսկվայի, Երևանի, Օդեսայի և այլ նախագծային տեխնոլոգիական ինստիտուտների և կոնստրուկտորական բյուրոների հետ և շատ հաճախ փորձի փոխանակմամբ մասնագետներ էին գալիս և գնում։

 

Քիմիական մանրաթելերի գործարան

Գործարան, որը մասնակցել է Լայպցիգի, Սան Պաուլոյի, Բուխարեստի, Բուենոս Այրեսի  միջազգային տոնավաճառներին և ցուցահանդեսներին, նրա արտադրանքը սպառվում էր ԽՍՀՄ 30 քաղաքներում։  Ըստ տեղաբնակների, գործարանի շինարարությանը մասնակցել են 13 ազգերի ներկայացուցիչներ:  Այստեղ տարեկան արտադրվել է 13.586 տոննա մանրաթել, 7000 տոննա սիգարետային ֆիլտրի ժապավեն:  Իսկ հումքը, որով պատրաստվում էր արտադրանքը, ստանում էին Կանադայից։ 

 

Ավտոմատիկա 

1956 թվականին արդյունաբերական ոլորտին նոր շունչ հաղորդեց Ավտոմատիկա գործարանը։ Այստեղ արտադրվել է տեխնոլոգիական պրոցեսների կարգավորման և հսկման էլեկտրաչափիչ սարքեր և լայն սպառման առարկաներ։ Արտադրանքի 30%-ը ունեցել է որակի պետական նշան։ Արտադրանքն իրացվել է ԽՍՀՄ-ում, ինչպես նաև արտահանվել է աշխարհի 25 երկրներ։ 1977 թվականին համախառն արտադրանքը կազմել է 19,7 միլիոն ռուբլի, զարմանալի չէ, քանի  որ այս գործարանը նաև մասնաճյուղեր է ունեցել։ Ի դեպ տեղաբնակների շրջանում գործարանը հայտնի է որպես ռոբոտների գործարան, ասում են այստեղ  արտադրվել են փոքր ռոբոտներ։

 

Ավտոգենմաշ 

Այս քաղաքի ճակատագիրը պարզ էր 1939 թվականին, երբ  գլխավոր հատակագծով որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով, այն պետք է լիներ արդյունաբերական կենտրոն։


Եթե ցանկանում եք տեսնել  արտադրված առաջին շարժասանդուղքը, ապա պետք է այցելեք  Ավտոգենմաշի գործարան։ Այստեղ արտադրել են զոդման սարք և մեքենա։ Գործարանի մի քանի արտադրատեսակներ ունեին որակի պետական նշան։ 

 

Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ համբավ են ունեցել այն ժամանակ Կիրովականի կահույքի, մորթու-մուշտակի, կարի ֆաբրիկաները, «Լոռի» հանքային ջրերի գործարանն ու թեթև արդյունաբերության այլ ձեռնարկություններ։

Շարունակելի․․․

Լուսանկարները՝ Արշակ Մկրտչյանի

Նյութը պատրաստվել է Լոռու այցելուների տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ