Երևան«Հայաստանի լեռները» գիրք, որը պետք է լինի յուրաքանչյուր գրադարանում

«Հայաստանի լեռները» գիրք, որը պետք է լինի յուրաքանչյուր գրադարանում

-Արշավների ընթացքում հանդիպում ես անսպասելի, գրավիչ, եզակի և գլխապտույտ առաջացնող բնական տեսարաններ։ Արշավներն ունեն սեփական գաղտնիքները, որոնք հայտնի են միայն քեզ և այդ պահին քեզ շրջապատող մարդկանց։  Ճանապարհին կարող ես քեզ զգալ ամենակարողը, կընկճվես, բազմաթիվ խաչընդոտներ կհաղթահարես, կբացահայտես սեփական դիմացկունությունը, ինչպես նաև ունակությունները։ 

Եվ, եթե դու կեսից որոշում ես չշարունակել ճանապարհը, որովհետև հոգնել ես,  դա շատ բան է ասում։ Քայլարշավը նույն առօրյան է, նպատակին հասնելու ճանապարհին կոտրի՛ր մեջդ և գնա մինչև վերջ,- կիսվում է Armenian Geographic նախագծի հիմնադիր, արշավորդ ու լեռնագնաց Տիգրան Վարագը ում հանդիպեցի Երևանում և խոսեցինք Հայաստանից, լեռնային արշավներից, իսկ հանդիպման ամենամեծ բաժինը հասավ «Հայաստանի լեռները» գրքին։ Ստորև ներկայացնում եմ Տիգրանի հետ հարցազրույցը մոնոլոգի տեսքով։

 

-«Հայաստանի լեռները» գիրքը իր տեսակի մեջ բացառիկ է։ Նախկինում լեռների մասին    համակարգված տեղեկություն չկար,նույնիսկ համացանցում կարելի էր գտնել մի քանի լեռ, որոնք ներկայացված էին նույն լուսանկարով։ 

 

-Սկզբում բարձրանում էինք այն լեռները, որոնք մեզ  էին հայտնի, ավելի համակարգված լինելու համար ստեղծեցինք «Մերն է» խորագրով նախագիծը։ Ու այն մարդիկ, ովքեր սիրում են լեռները՝ առաջարկեցինք մաս կազմել ու շարունակել  լեռնագնացությունների շարքը միասին՝ բարձրանալով Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները։ Համախոհների թիմ ստեղծվեց, եթե ակումբի այլ արշավների կարող էին չգալ, ապա այս ծրագրի շրջանակում միանում էին։ Գիրքը ստեղծվեց նաև այս մարդկանց շնորհիվ, նրանք մոտիվացրեցին, մենակ չէի։

 

-Նախագծի ընթացքում հուլիսից-հոկտեմբեր բարձրանում էինք 3000 և ավելի բարձրություն ունեցող լեռները, իսկ ցածրերը՝ թողնում ցուրտ եղանակին։ «Հայաստանի լեռները» գիրքն իր տեսակի մեջ բացառիկ երկլեզու գիրք է և լեռները ճանաչելի է դարձնում ոչ միայն Հայաստանում, այլև  նրա սահմաններից դուրս։ Գրքում տեղ են գտել այնպիսի լեռներ, որոնց մասին գրական աղբյուրներում գրեթե տեղեկություն չկար: 46 լեռնաշղթաների 64 գագաթները ներառված են գրքում, իսկ բոլոր  երթուղիները տեղադրել ենք Վիկիլոկ (www.wikiloc.com ) կայքում, որպեսզի բոլորին հասանելի լինի։ 

 

-Գրքի տպագրությունը բանակի զորացրվելու նման էր, երբ ծառայության ամբողջ ընթացքում  մտածում ես, որ նրա  ավարտին սիրտդ ուրախությունից կկանգնի, իսկ արդեն ավարտին՝ վաղուց սովորական մի բան է, քանի որ այդպես էլ պիտի լիներ։ 

 

-Ցանկացած գործ անելուց առաջ ինքս ինձ հարց եմ տալիս․ -Ի՞նչ արժեք եմ ստեղծում և ի՞նչ եմ տալիս։  Երևի թե պահն էր հասունացել, ցանկանում էի բոլորի հետ կիսվել  գիտելիքներով։

 

-Հաջորդ գիրքն ավելի ամբողջական կլինի։ Հասկացա, առանց Հայկական Լեռնաշխարհը ներկայացնելու՝ Հայաստանի Հանրապետությունը  շատ կիսատ է, հատկապես մեր ամբողջ պատմությունը, լեռների մասին պատմական տվյալները գրեթե ամբողջությամբ Արևմտյան Հայաստանում են։ Նկատած կլինեք, որ մեզ հասած լեռների մասին ավանդույթները, լեգենդներն ու պատմությունները այդ  կողմի վրա են։ Գիրքը  լինելու է երկու մասից, մի մասը կպատմի Արևմտյան Հայաստանի լեռների մասին, մյուսը՝  նույն  այս գիրքըն է լրամշակված տարբերակով։

 

-Ցանկությունս հետևյալն է, որպեսզի գրքերը հայտնվեն գրադարաներում ինչպես Երևանի այնպես էլ մարզերի։ Կոմերցիոն նպատակ չեմ հետապնդում։ 

 

-Իրականում ես գիրք չեմ գրում, զուտ տվյալներ են և պատմություններ, ինձնից ոչինիչ ավելացված չէ։ Իմ գործը տեղեկություններ հավաքագրելն էր ու համակարգելը։

-Մանկությունս անցել է Երևանում, գյուղ չունեինք։ Մի քանի սերունդ քաղաքաբնակ ենք։ Բնության հետ կապ չկար, անդադար ծնողներիս հարցնում էի․ -Ինչո՞ւ մենք գյուղ չունենք։ Ամառային արձակուրդներին բակի երեխաները գյուղ էին գնում հանգստանալու, իսկ հետո՝ պատմում։ Ես ձանձրանում էի Երևանում, հետաքրքիր չէր։ 

 

-Դպրոցական հանձնարարություններից Վախթանգ Անանյանի գրքերը բացահայտեցի։ Նրա շնորհիվ գտա բնություն։ Կլանված էի ընթերցում, ամեն նախադասության հետ ապրում էի։ 

-Դպրոցական տարիքում կարատե էի պարապում։ Այդ խմբի հետ էլ սկսեցինք արշավներ գնալ։ Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ արշավներ չէին, այլ՝ էքսկուրսիաներ, բայց բնության հետ շփվելու հնարավորություն էր։  

 

-Զինծառայության ընթացքում սկսեցի այլ կերպ ընկալել բնությունը, ծառայում էի Օմարի լեռներում,  3400 մետր բարձրության վրա։ 2 տարվա ընթացքում,180 օրը ապրել եմ այդ բարձրության վրա։ Նույն տարիներին մի երևույթի ականատես եղա, դիմացի սարից ամպերը գալիս և ջրվեժի նման թափվում էին ներքև։ Աննկարագրելի տեսարան էր, այլևս ոչ մի տեղ չտեսա նման բան։

 

-Հայաստանը արշավային Էվոլուցիա ապրեց։ 10 տարի առաջ ուսապարկի փոխարեն տոպրակով էին արշավի գալիս։Արշավական գույք չկար։ Տարիներ պահանջվեց, որ արշավորդները հասկանան, որ հայրենասիրությունը, ուխտագնացությունը, դրոշ բարձրացնելը կապ չունի արշավի հետ։ Այն հանգստի տեսակ է, ինչպես օրինակ լողավազան գնալը։ Եվ յուրաքանչյուր ոք կարող է արշավի մաս կազմել։

 

-Դպրոցական տարիքից է պետք սերմանել սերը դեպի բնություն։ 

-Արցախը երբեք չենք տարանջատել։ Ինչքան բարձր լեռ կար առանձնացրեցինք և գնացինք։  Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝  Կուսանաց լեռն է։ Մեր ակումբի միջոցով մի շարք լեռներ սիրվեցին ու ճանաչելի դարձան։ Տարիներ առաջ տեղաբնակները  նույնպես զարմանում էին, երբ իմանում էին,որ եկել ենք բարձրանալու օրինակ Կաչաղակաբերդը կամ Մեծ Քիրսը։ Կարծում էին, հնարավոր չէր։  

 

 -Հայաստան ժամանած զբոսաշրջիկին առաջինը կծանոթացնեի Աժդահակ լեռան հետ։ Կարմիր երանգավորումներով մանր քարերի գոյությունը, ողջ ճանապարհը և այն ձգողականությունը, որը միայն Աժդահակին է բնորոշ, ապշելու գեղեցիկ է։  

 

-Հայաստանն անվերջ բացահայտումների երկիր է, և մեկ կյանքը հերիք չէ այն ամբողջությամբ ճանաչելու համար: Անհնար է պատկերացնել Հայաստանի բնությունը առանց լեռների։

Հարցազրույցը արվել է Արցախյան երկրորդ պատերազմից առաջ

Լուսանկարները՝  Armenian Geographic-ի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ