ՍյունիքԼեռներին մոտ. Խուստուփ

Լեռներին մոտ. Խուստուփ

Ցանկացած ճանապարհորդության մեկնելիս մի քանի կետ կա, որ ինձ համար հստակեցնում եմ  և միայն նոր սկսում, Խուստուփ գնալս բացառություն էր։ Միգուցե դա էր պատճառը, որ  ճանապարհորդությունս՝ կեսից միաժամանակ և՛ ավարտվեց և՛ սկսվեց։ Սեղմ լինելու համար ասեմ, որ միացա արշավականների մեկ այլ խմբի։

Առաջին օրվա հանգրվանը Վերին Վաչագանն էր, երբ հասանք, ուշ գիշեր  էր։ Միայն առավոտյան հասկացա որտեղ էինք, բնությունն արթնացրեց, անակնկալ էր պատրաստել՝ Խուստուփն էր մեկ այլ հորիզոնից՝ չքնաղ ու վեհ։

Արդեն  վստահ կարող եմ ասել, որ ճանապարհորդությունները ինձ համարձակ են դարձրել։ Հանուն նոր վայր բացահայտելու պատրաստ եմ զոհաբերել հարմարավետությունը և խաղաղությունը , ինչպես նաև  պատրաստ եմ ցանկացած փորձության, չէ՞ որ առջևում  որպես հաղթանակ մի անիրական տեսարանով  բացահայտում է սպասվելու։

 

Խուստուփից վերադաձել եմ գրեթե մեկ շաբաթ առաջ, սակայն մինչ օրս ազդեցության տակ եմ, տպավորությունները այդքան բազմերանգ ու նոր են։ Գիշերակաց վրանում,  պարզ էր, որ բնական կարիքները հոգալու համար բացակայում էին հիմնական անհրաժեշտ ծառայությունները։ Զգացողությունս հնագույն մարդու էր, ինձ պակասում էր միայն առաջին գործիք՝ հատիչը,  քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր։ Բնական կարիքները հոգալ բաց երկնքի տակ, առաջին օրն ամոթի խոր զգացում էր առաջացրել, նման էր մութ անտառ մտնելուն, երբ աչքերդ մթությանը սովորում են ու միջիդ համարձակ, փորձառու ու ամենակարող անտառագնացը արթնանում է։ Մեկ-մեկ էլ զգացողությունը որձ չորքոտանու էր, ով  հանուն վաղվա բարեկեցության և փարթամակեցության  տարածքներ էր «գծանշում»։  

 

Ասում են, Խուստուփը համարվում է սուրբ լեռ և ժողովուրդն էլ նրան տվել  է ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր: Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ էլ ամփոփված  է  հայ ժողովրդի զորավար Գարեգին Նժդեհի մասունքները։

 

Խուստուփի վերելքը պիտի սկսեինք լեռնային Նավչա բնակավայրից, որտեղ էլ  կազմակերպեցինք վրանային ճամբար, կրակ արեցինք, խարույկի շուրջ շրջանաձև հավաքվեցինք ու կրակի աղոտ լույսի տակ սկսեցի հետևել արշավականներին, անհամբեր էին,  սպասում էինք վաղվա վերելքին:

 

Լեռան  ստորոտից ճանապարհ ընկնելուց միայն 4 ժամ հետո հասանք վերջին բլրին, որից հետո մնում էր հաղթահարել գագաթը, մեր առջև բացվող գագաթի գեղեցկությունից շնչառություն էր ընդատվում։ Դժվար էր հայացք կտրել փառահեղ  տեսարանից, բայց պետք էր առաջ շարժվել, դեպի գագաթ։ 

 

Նկատեցի Սյունյաց լեռների եզակիությունը՝ խրոխտ ու անառիկ, հեռվում ռազմիկների նման շարք կազմած,  վեր խոյացած, պերճ, պարծանքի զգացումով լցված հետևում էին մեզ ու  մեր շարժումներին։ Մարդկային պատմությունների ինչքա՜ն ահռելի և մեծ պաշար են կրում իրենց մեջ,  մեզ նման քանիսին են դիմավորել, լսել պատմություններ և ճանապարհել լռությամբ՝ զուրկ մեծամտությունից։

 

Նրանցից յուրաքանչյուրն էլ հագեցած է սեփական գույնով, կամավոր կերպով ուզում ես լուսանկարել, բայց գիտակցում ես, որ ամբողջ գեղեցկությունը նշանի տակ վերցնել հնարավոր չէ։  

Քայլելու ընթացքում հասկացա, որ  սարերը չեն սիրում գոռոզամտություն։ Մինչ այս ապրում էի ինձ համար հաճելի  աշխարհում, և թվում էր, կարող եմ կանոններ թելադրել ու դյուրացնել իմ այստեղ գտնվելու ժամանակահատվածը։  Դառնության զգացումը չուշացրեց։

 

Լեռների  աշխարհում մենք աննկատ, մի փոքր զանգված ենք և եթե մի պահ աչքերդ փակես և  լսողությունդ սրես, կնկատես քեզ հետ ապրող զուգահեռ կյանքը, միջատների ժրաջան աշխատանք, թռչունների օրինաչափ թռիչք, քամու ու բուսականության  ներդաշնակ, ժամանակ առ ժամանակ կռվին նմանվող բախումներն ու զրույցները։

 

Ու այն պահին, երբ զգում ես, որ  առաջ գնալու անհրաժեշտ ուժի աղբյուրը սպառվել է, պետք է ականջ դնես  լեռների կանչին,  նրանք քեզ  խիստ, բայց ոչ կոպիտ առաջ կմղեն, հասկացնելով որ կյանքում, եթե ունես որևէ նպատակ ճիգ  է պետք գործադրել։  Ստացվում է, որ բնությունը ոչ միայն ոգեշնչող է, այլև ուսուցիչ է:

 

«Գեղեցկությունից կուրանալ» արտահայոտությունը  միայն ու միայն Խուստուփում կարելի է ըմբռնել։ Լեռան հյուրերն էինք, հյուրընկալ էր, սկսեց մեզ  դյութել ու հրապուրել,   տարատեսակ հիացմունքի բացականչություններից հասկացա, որ այն ինչ տեսնում եմ տեսիլք չէր, այլ իրականութուն։ Ամպերը կենսուրախ մանչերի նման մեզ շրջապատել էին։  Հոգեկան ապրումներն այնքան վառ դաջված էին մեր դեմքերին, որ բնությունն էլ էր մեր հետ ցնծում,  մետաքսյա նրբությամբ, սպիտակ ամպերը էլ ավելի մոտեցան մեզ ու տեսադաշտը  մանրաթելով ծածկվեց։

 

Չգիտեմ  էլ ինչպես Խուստուփի շքեղությունից մի կտոր փոխանցեմ ձեզ,  կրկին ու կրկին մտքումս ընտրում եմ գույներ ու երանգներ, սակայն անօգուտ: Սա այն վայրերից է, որոնց մասին լուռ են խոսում՝ զգալով։

Tripsters ակումբի արշավականների հետ կարելի էր գագաթին  անվերջ նստել և  հիանալ, մտածել այն  ուժի մասին, որը բնորոշ էր այս վայրին, սակայն պետք էր շտապել։  Գեղեցիկ վերելք էր՝ հրաշալի մարդկանցով։ Մի քանի վայրկյան լռություն, լեռան հետ կիսվում էինք մեր, սեփական նպատակներով։ Ճանապարհ դեպի Երևան։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ