ԿոտայքԱղմաղան սարատեղի․Գյուղական կյանք՝ սեփական փորձով

Աղմաղան սարատեղի․Գյուղական կյանք՝ սեփական փորձով

Այս անգամ ճանապարհը տանում է Կոտայքի մարզ, Գեղաշեն գյուղի Աղմաղան բարձր լեռնային սարատեղի՝ ագրո և արկածային զբոսաշրջության փնտրտուքներով: Այն ինչ պատմելու եմ կարող եք  թե՛ պատմվածք  կոչել, թե՛ իրականություն կամ  երկուսը միասին։

 

15։59 րոպեի «չվերթը» անորոշ ժամանակով ուշանում է, Գեղաշեն գյուղից յուրաքանչյուր օր ժամը 16։00-ից տեղաբնակները  կազմ ու պատրաստ «գռուզավիկ» մեքենայով տեղաշարժվում են սարատեղի, որտեղ անասուները ազատ արածում են, և ամառվա գյուղական կյանքից մի հատվածն էլ անցնում է այս սարերում։

 

Տևական ժամանակ սպասելուց հետո, ավտոմեքենան ժամանեց։ Մյուսների  հետ տեղավորվեցի բեռնախցիկում։ Դաշտի միջով, հողոտ ճանապարհով էինք գնալու, ընթացքում  մի քանի րոպե կանգնելու էինք, կաթի դատարկ տարաների մեջ ջուր լցնեինք և շարունակեինք ճանապարհը։ Ավտոմեքենան շարժվեց,  «բիզնես դասի» տեղերում նստած կանայք քննարկում էին առօրյան, անելիքները, իսկ տղամարդիկ՝ քաղաքականությունը։ Ես  էլ լայն ժպիտով կաթի տարաներին էի նայում՝ ամեն ոլորանի հետ, նոր արձագանքներ էին արձակում։ 

Մեկ ժամ հետո Աղմաղան սարատեղիում էինք՝ աշխատասեր մոլորակում։ Կարծես պատմվածքում հայտնված լինեի, դրվագներն էլ հայ գրողների նկարագրած գյուղական կյանքից։ Երբ  ամեն օր՝ վաղ արշալույսին, գյուղն արթնանում է ալպյան գոտի հիշեցնող Գեղամա լեռների լանջերից փչող սառնաշունչ զեփյուռի բերած ծաղկանց բույրով։

 

Սնկի նման իրարից ոչ շատ հեռու, հավասարաչափ քարե տնակներ են չորս կողմում։ Եթե տեղացի չես,  շատ հեշտ է մոլորվելը,  սարդոստայնի նմանվող ամեն մի կածան, տանում է մի տուն։ Ուղևորները՝ յուրաքանչյուրն իր կաթի տարայով սեփական տան առջև իջավ, հրաժեշտ չտվեցին, որովհետև ավելի ուշ սպասելու էին։ 

 

Այնտեղ,  որտեղ մենք  իջանք հեռվից ընդառաջ եկավ տան տերը և դեռ մեզ չհասած, դիմեց կնոջը․ -Ճանապարհից են եկել մի տես ի՞նչ ես անում։ 

Մինչ մենք ծանոթանում ենք,  մի քիչ զրուցում, սեղանն արագորեն ծածկվում է լավաշով,  թարմ պանրով, սերի մածնով, կանաչիով ու գյուղական այլ բարիքներով։

 

Սնվելուց հետո, որոշեցի շրջել սարատեղիում։ Հեռվից  սև, մեծ ամպի կտոր էր շարժվում դեպի մեզ․  հսկայական նախիր էր իջնում։ Առջևից, ձիու վրա նստած մի երիտասարդ էր ուղեկցում, ետևից էլ՝ մեկ ուրիշ տղամարդ, բայց նրանց հնարավոր չէր մոտենալ, շրջապատված էին հսկիչ  շներով։

 

Սարատեղիում անդորրը խաթարվեց, փոշի բարձրացավ, կենդանիների ձայներն իրար խառնվեցին։  Կովերին կթելու ժամանակն է։ Կանայք դույլերը վերցրեցին, ես՝  նույնպես պատրաստվեցի, մինչև կով կկթեի, ինձ համար ընտրեցին կովերից ամենախաղաղին։ Հրահանգներ ստացա, սակայն առաջին փորձն անարդյունք, հուսահատված դեմքս կթվորը տեսավ,  ժպտաց․ – Մեկ անգամ էլ փորձիր։ 

 

Կովի պտուկը առա ափիս  մեջ՝ բռնելով որքան հնարավոր է բարձր, ու սկսեցի սեղմել  ռիթմիկ, ու կաթը բարակ շիթով սկսվեց լցվել դույլի մեջ։ Ամեն մի շիթը  աղմուկ էր բարձրացնում դույլի մեջ՝  հաղթական, քաղցրանուշ։ 

Ցնծությունս ընդատվեց, այլևս  նույն ռիթմով սեղմումները կաթ չէին  բերում, հուշեցին, որ մատերս թրջեմ կաթի մեջ և կովի պտուկները խոնավեցնեմ։ Գործողությունն առանց փորձանքի կատարվեց, քիչ հետո  դեմքս զարդարում էր  փորձառու կթվորի հպարտությունը։

 

Այստեղ գյուղական կյանքը տարբերվում էր, տեղաբնակները պատմեցին, որ սարատեղին առնվազն 7 սերունդ է տեսել։ Բայց, այնուամենայնիվ, իրականությունից կտրված վայրում, զարկերակների  նման տարածված ճանապարհները ձեզ կտանեն  փոքրիկ, քարե  հյուղակներ, որոնք այլ են, անիրական,  ջերմ, այստեղ էլ ծնվում են ջերմագին հիշողություններ։

 

Յուրաքանչյուր տուն տիրոջ մասին խոսում է յուրովի: Միայն այստեղ ես հասկանում, որ սարատեղին մեր երկրի փոքր կտորն  է, որը ոչ պակաս կարևոր է։ Հեռվում կանգնած, երեխաներին էի զննում, արևից խանձված դեմքով, վազում, խաղում են  քաղաքում վաղուց մոռացված խաղեր։

 

Նրանց խաղը մի պահ  ընդատվում էր  ծնողների կանչից։ Փոքր տարիքից աշխատասեր են, հասկանում են, որ եթե ծուլանան կամ աշխատանքը թերի կատարեն, ապա ընտանիքը կորուստներ կունենա։

 

Մեկ օրվա ընթացքում մասնակցեցի կաթի մշակման գործընթացին, կարագ ստացա, խնոցի հարելուց հետո փորձեցի թան, պանիր ստանալու աշխատանքներն էլ տեսա։ Զգացմունքներիս վրա ազդող դրվագներ շատ կային, սակայն  այս մեկը երբեք չեմ մոռանա, ձայն տվեցին։ -Արի՛, կովը ծնում է։ Վազեցի, ի՞նչ տեսնեմ, կովը պառկած էր ստվերում, շնչառությունը արագացած էր, նրա առաջին ծննդաբերությունն էր, ասեցին մինչև գիշեր հորթը լույս աշարհ կգա։ Աչքերս փակեցի, որովհետև այդ երևույթը իսկական իրադարձություն էր, որին ես պատրաստ չէի։ Աչքերս բացեցի, հորթուկը թաց էր, մորից կտրեցին ու տարան մի տեղ, որտեղ նոր ծնված հորթերին էին առանձնացրել։   

 

Օրվա հաջորդ կեսը հյուր գնացի տարբեր ընտանիքների,  նրանց հետաքրքիր էր, թե ինչպե՞ս է անցնում օրս, իսկ ես խնդրեցի գյուղի մասին պատմեն։

Պարզվում է Գեղաշենը նախկինում շատ անուններ է փոխել՝  Ճաթկռան, Ջհաթղռան, Չաթղռան, Հրազդան։  Գեղաշենցիների նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի և Պարսկահայաստանի Խոյի գավառներից։ Անվանի գրող Սերո Խանզադյանը գյուղի անունը բացատրում է այսպես. «Այդ գյուղի բնակիչները կորեկից հաց են թխել և  կերել, որը կոչվում էր ճաթ: Այդտեղից է նրա անունը»:

Նաև ասում են, որ 19-րդ դարի 2-րդ կեսին կամ վերջերին լեզգիների մի զորախումբ արշավելով գալիս հասնում է այս գյուղը: Կոտորած ու թալան անելուց հետո հանգստանում է այստեղ: Գիշերը այս և շրջակա գյուղերի բնակիչները աշխարհազոր են կազմում, հարձակվում նրանց վրա ու կոտորում բոլորին: Այստեղից էլ ծայր է առնում Ջհաթկռան անունը, այսինքն՝  ջարդի տեղ կամ տեղ, որտեղ ջարդ է եղել: 

 

Սարատեղի կյանքն ամենօրյա քրտնաջան աշխատանք է: Արևը դեռ չէր հասցրել  իր ճառագայթներով ողողել քարե  հյուղակները, երբ նրանց բնակիչները վաղուց արթնացել և աշխատում էին։ Մարդկանց օրը սկսվում է արևածագի հետ։ 

 

Օրվա այդ վաղ  ժամը և արևի առաջին ճառագայթների ոսկեշող ցոլքը այլ խանդավառություն էր հաղորդում։  Առավոտյան վերադառնում եմ «բիզնես դասի» տեղում նստած։ Լայն ժպիտով նախորդ օրն էի  հիշում։  Հանդիպեցի մարդկանց, որոնց զրույցները ողողված էին բարության լույսով։  Զրույցի տակից ինձ էին նայում  հոգնած, բայց երբեք չհուսահատվող աչքեր։ Աչքեր, որոնք  ունեն երազանքներ, գիտեն կյանքի ու հացի արժեքը։

 

Գեղաշեն գյուղի  Աղմաղան բարձր լեռնային սարատեղին  ապրում և  շնչում է  ազգային գեղեցիկ սովորություններով, հիշողությանս մեջ միշտ կմնան այստեղի պատկերները։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ