ԱրագածոտնԱպարանի հերոսական անցյալը

Ապարանի հերոսական անցյալը

Զարմանք ապրեցի, երբ բացահայտեցի, որ այժմյան Ապարանը հույն նշանավոր աշխարհագրագետ և մաթեմատիկոս Պտղոմեոսը հիշատակել է դեռևս 2-րդ դարում Casala ձևով, այսինքն Քասաղ, որն այս տարածքի մի շարք անվանումներից մեկն էր։ Քասախը կամ  Քասաղը  եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ 5-րդ դարում նրանց կառուցած Քասախի բազիլիկը կանգուն է։ Միայն 10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան՝ պալատ։  Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ 

Այսօր Ապարան անունը կապում ենք Գնթունիկ խանութի հետ։ Մուտքից թարմ ու տաք հացի ջերմությունը  այնքան է արբեցնում, որ  եթե քաղցած էլ չէիր, մնում է անցյալում, իսկ եթե այնտեղ ես հաց թխելու ընթացքում, ու տեսնում ես ակրոբատ հացթուխին, որն իր մարմնամարզության վարպետությունն է ցուցադրում թոնրի կողքին հավաքված այցելուներին, ապա հավատացնում եմ ձեզ, որ այլևս հնարավոր չէ առանց հացի հեռանալ։  Խանութից դուրս ես գալիս տոպրակներով ու լայն ժպիտով, ձեռքիդ էլ՝ տաք հացը, արագ աջ ձեռքից՝ ձախ տեղափոխելով,մուտքի ցայտաղբյուրի սառնորակ ջուրն էլ անհագ ըմպում ես ու շարունակում  ճանապարհը։


Ցավոք, Ապարանը շատերի ու նաև իմ համար կանգառ էր, որտեղ երկար ճանապարհ գնալիս 10 րոպե հանգստանում, ձմեռաշունչ օդը շնչում, ինչու ոչ՝ ծանոթների հանդիպում, որովհետև խանութի մուտքի մոտ ում ասես կարող ես հանդիպել ու ընթանում առաջ։

Նման մի կանգառի ընթացքում «արթնացա»։  Ապարանը մեր պատմության ամենափառահեղ  իրադարձությամբ  էջերն է կերտել ՝ Բաշ-Ապարանի ճակատամարտը։ Առհասարակ մտածել եք,  թե որքա՞ն մեծ է Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտի պատմական նշանակությունը․․․ և որոշեցի շրջել 

Քասախի բազիլիկ, Սուրբ Խաչ եկեղեցի

Ապարանում  է գտնվում հին ու պատմական արժեք ներկայացնող Քասախի բազիլիկը, որը կառուցվել է 4-րդ դարի վերջում։ Բազիլիկի արտաքին տեսքն անսովոր է, բայց Գնթունիների ճարտարապետության մեջ` շատ տարածված։ Քասախի եկեղեցին կոչվում է նաև Սուրբ Խաչ, անվանումը պատահական չէ՝ եկեղեցու հիմքում Քրիստոսի Խաչի տաշեղն է թաղված։ Տաճարի գլխավոր մուտքի վերևում կնկատեք գեղեցիկ հարթաքանդակ՝ Գնթունիների իշխանական զինանշանն է: Իրականացված պեղումների ընթացքում՝ հայկականի հետ գտնվել են նաև սելևկյան թագավոր Անտիոքոս 7-րդ էվերգետոսի ոսկե դրամը, բյուզանդական ուռուցիկ ոսկեդրամներ և վրացական պղնձյա դրամներ։ 


Աղբյուրներ

Ապարանը հայտնի է  նաև սառնորակ ու բուժիչ, բնական աղբյուրներով, որոնցից մեկը  Գրգռանն է, Արագած սարի Կարագյոլ լճից սնվող աղբյուր է, որը 1988 թվականի դեկտեմբերյան աղետից հետո  շուրջ 10 տարի ցամաքել էր։

 

«Սիրո Աղբյուր»-ի տեղն էլ  տեղաբնակները կբացատրեն,  Աղբյուրին հասնելու համար՝ պետք է անցնել «Սիրո կամրջով»: Պատմում են, որ մի վարպետ է կառուցել աղբյուրն ու կամուրջը: Նա իր սիրած աղջկա հետ ժամանակին այս անտառներում հաճախ է զբոսնել: Հետագայում նրանք ամուսնացել են, ու վարպետը, ինչպես որ երազում է տեսել, երեք ակով աղբյուր է կառուցել, որից հետո երեք զավակ է ունեցել: Եվ եթե  աղբյուրից յոթ բուռ ջուր խմեք՝ երազում կտեսնեք  այն մարդուն, ում հետ պետք է ամուսնանաք։


Վերածնունդ հուշահամալիր

Ապարանը գիտի իր հերոսներին։ Քաղաքամերձ բարձունքում կառուցվեց Ապարանի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը: Արցախյան պատերազմի օրերին հուշահամալիրի մատույցներում իրենց վերջին հանգրվանը գտան զոհված ապարանցի ազատամարտիկները: Սև տուֆից կառուցված հուշահամալիր ի հիշատակ Մեծ եղեռնի, Ապարանի հերոսամարտի և Երկրորդ աշխարհամարտում զոհվածների։ Հուշահամալիրը բաղկացած է երեք առանձին հուշակոթողներից։ Այստեղ է նաև  Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։ 

 

Քանդակների հրապարակ

Սիմպոզիումի հրապարակը գտնվում է Վերածնունդ հուշահամալիրի տարածքում։ Հայաստանից, Արցախից, Իտալիայից, Հնդկաստանից, Բելգիայից, Ճապոնիայից  և մի շարք այլ երկներից ժամանած վարպետներ քարերին կյանք են տվել։ Օտարերկրյա քանդակագործները մեր պատմությունն են ներկայացրել աշխատանքներում։


Զովունու սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի

Գնթունյաց իշխանները կառուցել են վաղ քրիստոնեական դարաշրջանի երկու բարձրարժեք կոթողներ՝ ի վկայություն իրենց բարեպաշտության և շինարարական մեծագործության։ Մեկը՝  «Քասախի բազիլիկ» տաճարն է, մյուսը՝  Զովունու սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, որն Ապարանի ջրամբարի տարածքում է։

Բացառիկ արժեք ներկայացնող պատմամշակութային կառույցը բոլորին ապշեցնում է նրանով, որ տարվա մեջ 3-ից 4 ամիս ծածկվում է ջրով, սակայն որքան էլ բարձրանա ջրի մակարդակը, միևնույն է, եկեղեցու խաչը երբեք չի անցնում ջրի տակ:


Հայոց այբուբենի հուշարձանը 

Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում է գտնվում հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները, որոնք կառուցվել են  հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Եկեք խոստովանենք, որ բացառիկ է ահն մարդը,  ով մինչ օրս իր անվան առաջին տառի մոտ լուսանկար չունի 🙂

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ