ԲացահայտենքԲերքաբեր․Մեկ ջրամբար`երկու երկիր

Բերքաբեր․Մեկ ջրամբար`երկու երկիր

Վաղուց էի մտածում շարք սկսել սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց մասին։ Ինձ հետաքրքիր է իրենց իրականությունն ու առօրյան։ Դա էր պատճառը, որ ուղևորվեցի Բերքաբեր։

 

Իմ ճանապարհորդության առաջին կանգառը Բերքաբերի «Էքստրիմ» սրճարանն էր, որտեղ  ինձ ժպիտով ընդունեցին, ներս հրավիրեցին, հարմար տեղավորեցին և հավաքվեցին շուրջս։  

Առաջին հարցս սրճարանի անվան հետ էր կապված, պատասխանն էլ չուշացավ. Սուրճը և թեյը առավել համեղ են, երբ վտանգում ես կյանքդ՝ կատակում են տեղի բնակիչները։ Այստեղ խնդիրը բնավ սրճարան ունենալը չէր,  այլ ստեղծել միջավայր, որտեղ գյուղ այցելած հյուրերն իրենց լավ կզգան։ Սրճարանը միջոց է, որով կբացահայտես սահմանամերձ բնակիչների կենսակերպը, պատկերացումները և ապրումները։ Ծանոթացա Մարգարիտա Գասպարյանի հետ, ով սրճարանի մենեջերն է և իրական գործի նվիրյալ:

 

Տեղեկացա, որ սրճարանը նոր է բացվել, բայց արդեն ունի  այցելուներ՝ այցելում են և տղամարդիկ, և կանայք։ Գյուղի աղջիկներից մեկը շուտով  իր ծննդյան տոնը կնշի այստեղ, սրճարանն էլ յուրահատուկ անակնկալ է պատրաստել այդ կապակցությամբ, իսկ ամսվա վերջում՝ «Միայն կանայք» խորագրով միջոցառում է սպասվում։

 

Բերքաբերի հետ իրական  ծանոթությունը սկսեց թեյի, մուրաբայի և դդմի ջեմի համտեսի ընթացքում։ Բացահայտեցի Մարգարիտայի ոսկե ձեռքերի գաղտնիքը, սրճարանում ինչ մատուցվում է՝ նրա պատրաստածն է։ Մինչ դդմի մուրաբան  կվայելեի, մեզ միացավ Տիկին Արևիկը, ով 5 րոպեում ներկայացրեց ողջ գյուղն՝ իր բնակիչներով։

 

Ամենահետաքրիքիր պատմության ընթացքում դադար տվեց, և ինձ ենթարկեց փոքրիկ հարցման։ Ու հասկացա, եթե իմ մասին չպատմեմ, ապա պատմության ավարտը այդպես էլ չեմ իմանա։ Համառոտ ներկայացրեցի կյանքս՝ մինչև Բերքաբեր։ Պարզեցի, որ այս գյուղում, 1819 թվականին գիշերել  է ռուս դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովը, հուշաքարն էլ կա։

 

Ադրբեջանական դիրքերից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքը հայտնի է Ջողազի ջրամբարով: Պատահական չէ, որ այստեղի բնակիչները մինչ օրս իրենց ներկայացնում են ջողազեցի։ 1980-ականներին կառուցված ջրամբարը խորհրդային տարիներին հայկական և ադրբեջանական մոտակա գյուղերի բնակիչների համար ոռոգման ջրի աղբյուր է եղել։ Սակայն 1992 թվականին ամեն ինչ փոխվել  է: Հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո ջրամբարը ծառայում է որպես ջրային սահման։

 

Կյանքը սկսվում է այլ հունով շարունակվել, դժվարություններ, կորուստներ, մտավախություններ, բայց նաև  նոր գաղափարներ և ձեռքբերումներ։

Հաճախ եմ ասել, որ ճամփորդություններն ինձ փոխում են, սակայն այս ճամփորդության ընթացքում՝ գտա ինձ։ Միայն սահմանամերձ գյուղը ինձ թույլ տվեց, որ իսկական լինեմ։ Ու եթե հարցնեք, թե ինչո՞վ է տարբերվում գյուղը մյուսներից, պատասխանս կլինի․ Մարդիկ այլ են, բոլորը  յուրահատուկ կերպարներ են։

 

Այստեղ կա  ազգագրական թանգարան, միջնակարգ դպրոց,  եկեղեցի, գյուղամիջի անվճար WiFi,  մանկապատեզ, որի ծախսերն էլ  Բերքաբերի բնակիչներ են հոգում։ Առաջին օրվա ավարտին վերադարձա տուն, որտեղ գիշերում էի։ Առատ սեղանի շուրջ շարունակվում էին պատմությունները, իսկ իմ կոկորդում առաջացող ծանրությունը խեղդում էր, դա միայն մի բան էր նշանակում՝ ես սիրեցի այստեղի մարդկանց։

 

Տիկին Սոնյա, Թաթուլ, Արմինե, Արա, Անուշավան, Տիգրան և ուրիշ կերպարներ, ովքեր գյուղում շարունակում են ապրել և ստեղծել նորն ու Հայաստանի համար հետաքրքիրը։  Պատրաստվում եմ նրանց պարբերաբար ներկայացնել իմ նյութերի միջոցով։ Մոտ 500 հոգանոց գյուղն ունի յուրահատուկ նախաձեռնություններ, ինչպիսիք են ձկան չորացում, արքայանարնջից (կորոլյոկ) օրգանիկ չրերի պատրաստում, կիտրոնի ջերմոցներ, մեղրի արտահանում այլ երկրներ: Այսքանով գյուղը չի բավարարվում, հաջողությամբ իրականացվում են ուրիշ  նոր գաղափարներ։

 

Ճանապարհորդության ավարտին հասկացա, որ սահմանի կողքին կա իրական կյանք, որտեղ դու հանդիպում ես բազմաթիվ կրթված մարդկանց և հասկանում, որ ոչ թե սահմանամերձ գյուղում ես, այլ սահմանապահ և սահմանն էլ հենց իրենք են։ 

Եվ այն Բերքաբերը, որի մասին պատրաստվում եմ ներկայացնել՝  հեշտությամբ կարող է դառնալ նաև ձերը։ Ընդամենը պետք է մեկ անգամ այցելել։

Նյութը պատրաստվել է Բերքաբեր ՀԿ-ի աջակցությամբ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ