ԲացահայտենքԱրջերի քարանձավ․ Ստորգետնյա աշխարհի հետքերով

Արջերի քարանձավ․ Ստորգետնյա աշխարհի հետքերով

Կյանքում  թեկուզ մեկ անգամ քարանձավային ճանապարհորդություն է պետք նախատեսել։ Միգուցե այդ մեկ անգամը կդառնա շարունակական, իսկ եթե ոչ՝ ապա միանշանակ կլինի հետաքրքիր փորձառություն, որի նմանը երբեք չեք ունեցել, նոր զգացողություններ, որոնք կարող են պատճառել միայն քարանձավները։

Պատճառն էլ դա էր,  որ առանց մտածելու ընդունեցի Sky Club-ի (skyclub.am) հիմնադիր Արմեն Սարգսյանի քարանձավ գնալու առաջարկը, որի ընթացքում նախատեսել էինք ներսում նկարահանումներ իրականացնել։ Ի դեպ ակումբը քարանձավային արշավների բազմաթիվ տարիների փորձ ունի։

 

Արջերի քարանձավը գտնվում է  Վայոց ձորի մարզում՝ Արփի գյուղից ուղիղ գծով 3 կմ․ հեռավորության վրա: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ ու գեղեցիկ կարստային քարանձավներից է: Ըստ տեղեկությունների, այն 1978 թվականին հայտնաբերել են որսորդները: Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի ոսկորների հետ:

Զգուշացում, առանց ուղեկցորդի չորոշեք քարանձավային արշավ կազմակերպել։

Վանդակապատ դուռը, որի առջև կանգնած էինք մենք, տանում էր մեծ դահլիճ, որտեղից էլ սկսվեց մեր իրական ճանապարհորդությունը։

 

Քարանձավի ներսում բազմաթիվ դահլիճներ կան գեղեցիկ ու ազդեցիկ, տարատեսակ ստալակտիտներով ու ստալագմիտներով։ Դահլիճներն  իրար են միանում նեղ միջանցքներով, որոնցով հնարավոր է անցնել միայն սողալով։ Քարանձավի համար անպայման երկարաթև հագուստ վերցրեք, նույնիսկ ամռանը՝ այստեղ  ջերմաստիճանը չի գերազանցում 10 աստիճանը, ինչպես նաև կպաշտպանվեք թեթև քերծվածքներից, որոնք անխուսափելի են։

 

Ընտրեք այնպիսի հագուստ, որ արշավից հետո չափսոսաք դեն նետել, հարմարավետ հագուստից բացի քարանձավային ճանապարհորդության համար հարկավոր են հարմարավետ կոշիկներ, այնտեղ անգամ չոր եղանակին հատակը խոնավ է, սայթաքելու հավանականությունն էլ  մեծ։


Մենք հայտնվեցինք մի խորհդավոր աշխարհում, որտեղ կար առեղծված ու առողջ դատողության համար շատ անբացատրելի երևույթներ։ Հայացքի առաջ բացվող բնության պատկերը միաժամանակ վախեցնող էր, վտանգավոր ու անմեղսունակ գեղեցիկ, մենք  փաստացի մի բանի ականատեսն էինք, որը ստեղծվել էր դարերի ընթացքում՝ գոյացած բեկորներ, որոնք չկրկնվող էին, եզակի ու պատմություն կրող։

 

Երկրի ընդերքում թաքնված են ստորգետնյա դղյակներ, այստեղ մուտք գործողը իսկապես կսկսի արժևորել բնությունը։ Տեղ-տեղ ստալակտիտներով զարդարված պատերը նման են հրաշագեղ նկարների։ Հեռվից երկար ու բարակ սառցաբեկորներ հիշեցնող գոյացությունների  վրա կնկատեք ջրի թափանցիկ արցունքներ, որոնք դողում և փայլում են լապտերիների լույսի տակ։ 

 

Քարանձավային արշավի ողջ ընթացքում ինձ թվում էր, որ մենք  Ռիդլի Սքոթի գիտահետազոտական ֆանտաստիկ «Օտարը» ֆիլմում էինք։ Եվ ամեն րոպե, մեր ուսումնասիրրության արդյունքում կգտնենք մի բան, որը իրականում մութ ու վտանգավոր է աշխարհի համար։ Բայց դա ընդամենը իմ վառ երևակայությունն էր, որը իրականությանը չէր համապատասխանում։

 

Առաջին փորձությունը հաղթահարված է: Նեղ միջանցքով սողալուց հետո հայտնվում ենք մեծ սրահում: Առաջ գնալն այնքան բարդ էր, որ միմյանց օգնելով էինք առաջ շարժվում։ Մթությունն ու շատ նեղ միջանցքները կարող են ձեզ շփոթեցնել, սակայն կարևոր է խուճապի չմատնվել, քանի որ այն տեսարանը, որը րոպեներ անց ձեր առջև կբացվի արժանի է այն դժվարություններին, որոնք կունենաք ձեր ճանապարհին։

 

Հաճախ էինք ժամին նայում, ոչ թե շտապում էինք ետ վերադառնալ, այլ կորցրել էինք ժամանակի ու տարածության զգացումը։  Ու եթե ձեզ հետ չլինի արհեստավարժ էքսկուրսավար, ապա մոլորվելը շատ հեշտ է։ Այս անգամ մենք չհասանք այն սրահը, որտեղ հայտնաբերել են արջերի ոսկորներ, և  որի արդյունքում էլ քարանձավը կրում է անունը։ 

 

Մի օր կվերադառնանք քարանձավ ու կբացահայտենք գետնի տակ թաքնված աշխարհը,  որն իր մեջ շատ գաղտնիքներ է պարունակում։

 

Մեր խումբը բաղկացած էր վեց հոգուց, նույն քարանձավը յուրաքանչյուրիս համար մի անկյուն էր։  Եթե Էքստրիմի սիրահար եք, գեղեցիկի երկրպագու կամ խաղաղության և հանգստության սիրահար, ապա քարանձավային արշավը ձեզ համար է։ Միգուցե հաջորդ  անգամ մեր խմբին հենց դուք միանաք։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ