ՍյունիքՔայլելով Զորաց Քարերից Շաքիի ջրվեժ

Քայլելով Զորաց Քարերից Շաքիի ջրվեժ

Հայաստանում ճանապարհորդելը մի շարք առավելություններ ունի, միայն մեկ ճանապարհորդության ընթացքում կարող եք բացահայտել և՛ հնագույն պատմություն, և՛ մշակույթ, և՛ առեղծվածային անցյալ, իսկ «փաթեթը» կարելի է համեղացնել սեփական նախասիրություններով։

 

Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը Սյունիքի մարզում գտնվող Զորաց Քարերն է, որի նկատմամբ հետաքրքրությունը տարեց տարի մեծանում է։ Այս վայրից էլ  քայլարշավային տարբերակով շարժվեցինք դեպի Շաքիի ջրվեժ։ Նախապատմական մեգալիթյան կառույցի շուրջ մինչ օրս բազմաթիվ վեճեր են ծագում։ Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են Զորաց Քարերի աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է։ 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան։ Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև։

 

Քայլարշավը թույլ է տալիս ճանապարհին մի շարք մանրուքներ նկատել, ինչը հնարավոր չէ ավտոմեքենայով ճանապարհորդելու ընթացքում։ Ձեզ կսպասվի գունեղ տպավորթյուններ և աննման գեղեցկություն։

Զորաց Քարերից Շաքիի ջրվեժ երթուղին կարճ է, չեք հոգնի և չեք սպառվի։ Առավելություններից մեկն էլ այն է, որ Շաքիի ջրվեժին «բացառիկ իրավունքով» կմոտենաք վերևի հատվածից։

 

Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Ճանապարհորդության ամենասիրելի հատվածը առասպելներն ու ավանդազրույցներն են։ Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի (Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից) գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում բանակի  առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, առևանգիչներին ասում են․ «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնում են։

Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա ետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով։

Վերադառնում եմ Սիսիան, որտեղ էլ պատրասվում եմ գիշերել։ 

Քայլարշավի համար դիմել` Basen Hotel & Tours, Sisian Tourism Center

Երթուղի՝ Զորաց քարեր-Շաքիի ջրվեժ

Երկարություն՝ 5 կմ․

Տևողություն՝ 2 ժամ

Դժվարություն՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ