on
18.09.2020

Ջերմ ընդունելությունը և հյուրընկալությունը հայերիս հիմնական տարբերակիչ հատկություններից են միշտ եղել, իսկ Սիսիանում հյուրընկալությունը միայն նյութական առատաձեռնությունը չէ, այլ մարդկային հոգու մեծություն։ Ուղևորվում եմ Սիսիան։ Քաղաք, որտեղ գրեթե միշտ եղանակը զով է, պարտադիր ունեցեք տաք հագուստ, սակայն տեղաբնակների առատաձեռնության և հարգանքի համադրությունը երբեք թույլ չի տա, որպեսզի ժամանած հյուրը ցուրտ զգա։

Սիսիան տանող երթուղայինը շարժվում է Երևանի ավտոկայանից։ Վճարելով 2000 դրամ, մայրաքաղաքից ուղևորվում եմ  217  կմ հեռու՝  նոր չափաբաժին դրական լիցքերի ետևից։ 

Սիսիան զբոսաշրջային կենտրոն

Առաջին կանգառը Սիսիանի զբոսաշրջային կենտրոնն է, որը գտնվում է անմիջապես հրապարակում, Սիսիան 38/1 հասցեում։ Այստեղ ինձ տրամադրեցին երկլեզու քարտեզներ և բրոշուրներ, որոնց միջոցով  պատկերացում կազմեցի տարածաշրջանի զբոսաշրջային հնարավորությունների մասին։ Ի դեպ, այն վայրերը, որտեղ կան զբոսաշրջային կենտրոններ, անպայման այցելում եմ։ Ինչո՞ւ, որովհետև տեղաբնակները գիտեն շատ ավելի հետաքրքիր, եզակի վայրեր և պատմություններ, որոնց մասին համացանցում հնարավոր չէ հանդիպել։

Սիսիան զբոսաշրջային կենտրոնում կարող եք վարձակալել վրաններ, լեռնային հեծանիվներ, ձկնորսական կարթեր, ինչպես նաև կծանոթանաք տեղացի արվեստագետների աշխատանքներին( կենտրոնում ցուցադրվում են նրանց աշխատանքները)։ Եթե խուսափում եք անհատական ուղևորությունից, նրանք կարող են օգնել ուղեկցորդի հարցում նույնպես։

Սիսիանի պատմության թանգարան

Սյունիքի պատմությունը, մշակույթը և կենցաղը ներկայացնող Սիսիանի պատմության թանգարանը կրում է պատմաբան Նիկողայոս Ադոնցի անունը։ Այստեղ կարելի է տեսնել մոտակա հնագիտական վայրերից պեղված ցուցանմուշները։ 

Թանգարանի բակում ցուցադրվող շուրջ 50 քարե հուշարձանների թվում է բազալտե մի սարկոֆագ, որի նեղ նիստերից մեկը արձանագիր է: Սարկոֆագը հայտնաբերվել է 1985 թվականին Շաքե գյուղում, շինարարական աշխատանքների ժամանակ:

Պատմության թանգարանի բակի արձանագիր հուշարձանները ուսումնասիրած գիտնական, վիմագրագետ Արսեն Հարությունյանի վերծանության համաձայն՝ սարկոֆագի վիմագրում գրված է՝ «ԶՏԱՌԱ/ՊԵԱԼ ԳՐԻԳՈՐԻ ՅԱՐՔԱ»:

Ուսումնասիրողը, տապանագրի տառաձևերի հնագրական առանձնահատկություններից ելնելով գտնում է, որ այն գրվել է 11-12-րդ դարերում: Նրա կարծիքով՝ սարկոֆագը պատկանել է Սյունիքի և Բաղքի թագավորության նախավերջին արքա Գրիգոր Բ-ին:

Ուշագրավ է վիմագրի առկայությունը սարկոֆագի կողային նիստին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն հողում չի թաղվել, այլ կափարիչով ամուր փակվելուց հետո դրվել է Շաքեում գտնվող մի դամբարանային կառույցի մեջ, որը չի պահպանվել: Թանգարանը գտնվում է  Ադոնցի փողոցի 6 ա շենքում։

«Վեգա» սրճարան Սիսիան, Սիսական 32

Առաջին օրվա «համեղ» այցելությունից հետո,  չէի էլ կարող մտածել, որ մյուս օրերը նույնպես այս սրճարանում կանցնեն։ Համեղ ուտեստների կողքով անհնարին է անտարբեր անցնել։ Ցանկության դեպքում կարող եք մրգերից քամված հյութը կամ սուրճը ձեզ հետ վերցնել և վայելել քաղաքային տուրի ընթացքում։

Հարկ չեմ համարում խոսել սրճարանի գնային քաղաքականության մասին, քանի որ, ինչպես ցանկացած մարզում, այնպես էլ այստեղ այն շատ մատչելի է։ Ի դեպ, սանհանգույցից օգտվելու համար դիմել մատուցողին, դռան բանալին կփոխանցի 🙂  

Նավարկություն Որոտան գետում

Եթե մոռացել եք, ապա հուշեմ, որ Սիսիան քաղաքը գտնվում է  Որոտան գետի երկու ափերին։ Քաղաքային տուրի ընթացքում նորակառույց այգի կնկատեք,  միջով կանցնեք և կհայտնվեք գետի ափին։ «Երջանիկ նավարկություն», այս անվանումով կարելի է որակել ջրային կարճ ճանապարհորդությունը։ Մեկ ժամի համար վճարելով 1000 դրամ, դուք կհայտնվեք Որոտանի վրա, որը Սյունիքի մայր գետն է։ Զգացողությունների մասին չեմ կիսվում, ավելի ուշ կկիսվեք ձեր սեփական փորձով։ Նավարկության մեկ ժամն էլ մի ակնթարթ էր։

«Սիսիան կերամիքս»-ում քեզ զգա խեցեգործ

Սիսիանում ճանապարհորդությունս շարունակվում է։ Հայտնվում եմ անցյալի և ներկայի կավոտ խաչմերուկում։ Խեցեղենը շարունակում է լայնորեն կիրառվել հայկական կենցաղում նաև այսօր, ինչի մասին ձեզ հավուր պատշաճին  կպատմի Սիսիանում գտնվող արվեստանոցը։ Վահագի մասին ամիսներ առաջ էի գրել։ «Սիսիան կերամիքս»-ն ուսումնասիրում է հայկական խեցեգործության պատմությունը, հնագույն տեխնոլոգիաները և փոխանցում երիտասարդների։ 

Այստեղ սեփական ձեռքերով հին զարդանախշերով կարող եք պատրաստել ձեր նախընտրած իրը, իսկ եթե հոգեհարազատ է կտորով աշխատանքը, ապա փորձեք  բատիկի եղանակով  շարֆերի գործը։

Այլ, իրական Սիսիան

Արվեստագետ, նկարիչ Աշոտ Ավագյանի մասին շատ բան չեմ պատմի։ Միայն կասեմ, որ Սիսիան այցելության ընթացքում անպայման հանդիպեք  քրվեստագետին, նա ձեզ կներկայացնի մեկ այլ, իրական Սիսիան։

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի

Նկարիչը սկզբունք ընդունելով տարածքի մշակութային տարբեր շրջանների ժառանգությունը՝ սկսած ժայռապատկերներից մինչև միջնադարյան պատկերագրություն, արվեստագետն իր ստեղծագործություններում մշտապես կոնցեպտուալ մտածողությամբ աշխարհընկալման նոր եզրեր է որոնում, որն արտահայտվում է նեոլիթյան ծիսակարգի գեղանկարչական և փերֆորմանսային դրսևորումներով։

Արվեստագետի ստեղծագործությունը առավել շատ կապված է ոչ թե ցուցասրահի հանդիսատեսի, այլ ինքնին բնության հետ։ Ավագյանի «ակցիաները» (սա նրա տերմինն է փերֆոնմանսների համար) տեղի են ունենում այնպիսի տեղանքներում, ինչպիսիք են Ուղտասարն ու Զորաց Քարերը։ Նկարները կախվում են քարերից, ընկղմվում ջրի մեջ, այրվում կրակի վրա, միևնույն ժամանակ արվեստագետն իր հռչակագրերի միջոցով ներկայացնում է փերֆորմանսի փիլիսոփայական կողմը։ Այսպիսով, բնությունը գերադասվում է արվեստի գործից՝ դառնալով դրա ամենակենսունակ բաղկացուցիչը, մինչդեռ արվեստագետը շարունակում է կատարել կատալիզատորի դերը։

Բասեն հյուրանոց, Ա․Մանուկյան 2

Հյուրանոցը, որտեղ պատրաստվում էի գիշերել, կոչվում էր Բասեն։ Այն ուղղակի հյուրանոց չէ, մեծ ընտանիք է, որտեղ դու մինչև այցելությունը հյուր ես, իսկ այցելությունից հետո ընտանիքի անդամ։ Այստեղ սերն ու ջերմությունը այնքան շատ է, որ բոլորին բաժին կհասնի։ Բասեն հյուրանոցը նաև իրականացնում է  այցելություններ մի շարք  զբոսաշրջային ուղղություններով՝ Ուղտասար, Շաքիի ջրվեժ, Որոտնավանք, Տոլորսի ջրամբար,  ցանկը շարունակական է։ Ամիսներ առաջ էի պատմել, որ այստեղ սովորել եմ  հայկական երգեր, պարեր և առաջին անգամ ճաշակել եմ  Քելեկյոշ։ Վանեցիների ավանդական խոհանոցից կերակրատեսակ, որը  հայտնի է դեռևս Ուրարտական ժամանակներից։


Սիսիանում շատ հետաքրքիր վայրեր ու շենքեր կան, որոնց մասին անդադար կարելի է խոսել։ Ներկայացրեցի բացահայտումներիս միայն մի մասը, մնացածի համար կարող եք ինքներդ այցելել, ուշադրություն կդարձնեք քաղաքային ցայտաղբյուրներին, որոնք աչքի են ընկնում  չկրկնվող, բացառիկ գեղեցությամբ։ 


Կարդացեք նաև՝

Քայլելով Զորաց Քարերից Շաքիի ջրվեժ

«Քարերի սիմֆոնիա» կամ քայլարշավ Որոտանի կիրճով

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ:

Որոնել
Արխիվ