Բացահայտենք Կոտայք Ուղղություններ Տեսնելիք և անելիք

Backcountry skiing կամ մի լեռնագնացի պատմություն

on
20.02.2020

Ձմեռային զբոսաշրջությունն ու էսքտրիմը համադրել ցանկացողների համար Հայաստանը շատ հարմար երկիր է։ Այստեղ կարելի է գտնել ձյան ու սառնամանիքի հետ կապված զվարճանքների գրեթե բոլոր տեսակները։ Ինչպես կռահեցիք, տարին սկսել եմ ձմեռային  արկածներով, որոնցից ես կիլոմետրերով հեռու էի, միգուցե հիմա էլ։

Այս անգամ փորձարկում եմ backcountry skiing: Ի դեպ շատ կարևոր է անկեղծ լինել ուղեկցորդի հետ, և խոստովանել, որ նախկինում դահուկի հետ կապը տեսողական է եղել՝ տեսել ու լսել եք։ Խոստովանությունը ոչ թե ձեր խիղճը թեթևացնելու համար է, այլև՝ ուղեկցորդին  տարատեսակ հոգեբանական սթրեսից զերծ պահելու համար։

Լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայի նախագահ, լեռնագնաց, backcountry skiing-ի մասնագետ, «Նատուրա տուր» ընկերության հիմնադիր Հովհաննես Մարտիրոսյանի հետ ուղևորվեցինք Թեղենիս մեկ։  Դահուկները հարմարեցված են ոտքերիս, ճանապարհորդությունն էլ՝ սկսված։ Ձնոտ լեռներում նույնպես թերապիա կա, քաղաքային կյանքը մնաց ետևում, սպիտակով ծածկված բնությունը հնարավորություն տվեց, որպեսզի ցաքուցրիվ մտքերս համակարգեմ։

Backcountry skiing-ն արդեն ինձ դուր է գալիս, ես դեռ չգիտեի առջևում ինչ է սպասվելու։ Հետաքրքիր զգացողություն է, քայլում ես մի արահետով, որի հեղինակը դու ես, այս պարագայում Հովհաննեսը, հասկանում ես դիմացինիդ աչալրջությունը, չէ որ նրա ետևից գնացողները  նույնպես պետք է անցնեն նույն ճանապարհով, սխալվելու հնարավորություն չունես։

Ճանապարհի կեսն էինք անցել, մարմինս արդեն լարվածության մեջ էր։ Որսացի մի միտք՝ այն  հարցերը, որոնք «ներքևում» դժվար ու անլուծելի էին թվում՝ դարձան պարզ ու դյուրին։ Ետ վերադառնալու ժամանակն էր և այն ավելի ծանր էր, քան կպատկերացնեի, դահուկների տակի պաշտպանիչ շերտերը հեռացրեցինք։ Backcountry skiing-ի հաճույքը հենց դրանում է, սկզբնակետին սահելով վերադառնալը նմանվում է պարգևի, ինչն էլ վաստակել ես ազնիվ աշխատանքի շնորհիվ։ 

Դա բնավ իմ մասին չէր, ետ վերադարձին 20 անգամ ընկնելուց հետո ընկնելու հաշիվը կորցրեցի։ Պարզվում է առաջին ընկնելուց, հեռախոսն էլ եմ կորցրել, պատճառն էլ դա էր, որ Հովհաննեսը խնդրեց դանդաղ առաջ գնալ, մինչև ինքն այն կգտնի։

Մենմենակ վերադառնալը մեծ մարտահրավեր էր, որին մինչ օրս պատրաստ չեմ, այլ տարբերակ չկար։ Այն ժամանակ հասկացա, որ ընկնելուն էլ շնորք կա, երբ ետ նայեցի և  հայտնաբերեցի ձյան վրա դահուկների հետքեր և միմյանցից 10 մետր հեռավորության վրա տձև կերպարանքներ։ Ինչևէ, հեռախոսը գտնվեց,մենք էլ հասանք ավտոմեքենային։ Բայց ցանկանում եմ կիսվել Հովհաննեսի խիզախ պատմությամբ, որի մասին պատմեց Երևանի  ճանապարհին։

Մանկություն- Ծնվել եմ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում, այնտեղ է անցել  իմ մանկությունը և պատանեկությունը։ Գյուղը Արագածի փեշին է՝  35 կմ․ հեռավորության վրա։ Վեց տարեկան էի, երբ գյուղի տղաների հետ գնացիք սունկ հավաքելու, այն խաղի նման էր, թե ով շատ սունկ կգտներ և կհավաքեր։ Սնկից էլ  սկսվեց բնության հետ իմ ծանոթությունը։ 

Ձմեռային խրախճանքների համար էլ դպրոցի դահուկներից էի օգտվում։ Գիտե՞ք, ինչն էր հետաքրքիր, դահուկներին լավ չէի տիրապետում, լեռներին մոտ լինելու ցանկությունն էր ստիպում։  Ձգտում էինք դեպի լեռներ, արկածներ որոնելու։

Երևակայական Արագածից դեպի իրականություն- Փոքր տարիքում, հայրս պատմում էր Արագածի մասին, ցավոք այն ժամանակ ճանապարհորդելու հնարավորություն չկար, դա էր պատճառը, որ երևակայության մեջ Արագած էի ստեղծել։ Շատ շուտով մտապատկերները փոխարինվեցին երազներով։ Պատկերացնում եք, ամբողջական մեկ ամիս երազում բարձրանում էի Արագած լեռ։ 10 տարեկանից սկսեցի ծանոթանալ  Ջեկ Լոնդոնի, Մայն Ռիդի, Ժույլ Վեռնի գրականության հետ, ձուլվեցի կերպարներին։ Որքան հնարավոր էր գյուղում հեռու էի գնում, փնտրում էի մենակություն, անհապաղ պետք էր հասկանալ ի՞նչ էին փնտրում և զգում գրքի իմ ընկերները։ Գրականությունն ինձ ստիպեց ավելի մտերմանալ բնության հետ։

Ձմռանը, գյուղի շրջակայքում քայլելելիս մտածում էի Ջեկ Լոնդոնի «Հյուսիսային պատմվածքների» հերոսների մասին, ովքեր բնության դաժան պայմաններում կարողացան ցուցաբերել մարդկային վեհ հատկություններ։ Պեմզաշենի այն տարածքում, որտեղ ես էի փնտրում արկածներ, ուներ հեղինակի նկարագրած նույն սպիտակ լռությունը։ Եվ ահա, 13 տարեկանում, ընկերոջս հետ որոշեցինք գնալ Արագած լեռ, հասունացել էր ժամանակը։ Արագածի ստորոտում նկատեցի Մանթաշի ձորը, տեսարան, որից  կյանքս տակնուվրա եղավ, մինչ այդ նման բան միայն ֆիլմերում էի տեսել։ Զգացողություններ, որոնց մինչ օրս չեմ մոռանում, աննկարագրելի էր, այդ պահից ինձ նվիրեցի բնությանը։

Լեռներում փնտրում եմ– Կյանքի յուրաքանչյուր փուլում` փնտրտուքներն էլ են լինում տաբեր։ Լեռներում փնտրում եմ երջանիկ լինելու պատճառները։ Փորձում եմ գտնել հիմնավորված երջանկությունը և դրան արժանի լինելու պատճառները։

Հայաստան ժամանածները պետք է իմանան– Հայաստան ժամանած հյուրին ներկայացնում եմ մեր լեռնաշխարհի և հայերիս առանձնահատկությունները։ Իհարկե, ծնվում են շատ հարցեր,փորձում եմ ճիշտ, առանց չափազանցության  պատասխանել նրանց։ Հայաստանի 80 տոկոսը բացահայտել եմ, այդ փորձով էլ կիսվում եմ հյուրերի հետ։

Վերածնվել և արժեքավորել- Երկու ընկեր ունեմ, ովքեր բարձրացել են Մաթերհորնը՝ Ալպերի  յոթերորդ ամենաբարձր լեռը, և Մոնբլանը։ Որոշեցինք երրորդ՝ Այգերը, միասին հաղթահարել,  այն ցածր բարձրություն ունի, սակայն տեխնիկապես բարդ լեռ է։ 2 տարի առաջ, երկրորդ բարդության երթուղին ՝ Միթելեգի  ճանապարհը ընտրելուց հետո շարժվեցինք։ Այգերի բարձրությունը 3900 մետր է, բայց 3400 մետրից հետո, ետ վերադառնալը անհնարին է, պետք է հասնել գագաթին և այլ ճանապարհով գնալ գնացքի կայարան։

 Ուղեցկորդը  թանկ էր։ Մեկ օրվա և մեկ հոգու համար պահանջում էր 1500 եվրո։ Այդ տարի էլ օգոստոս ամսին ձյուն էր եկել , որն իրոք արտասովոր երևույթ էր։ Մեր նպատակը անկոտրում էր՝ անկախ ամեն ինչից հասնել գագաթ։  Այգեր բարձրանալու համար գնացքով մտանք լեռան մեջ, թունելից դուրս եկանք, և առաջին օրը սարցադաշտերով, առանց որևիցե դժվարությունների հասանք կացարան։

Հաջորդ օրն առավոտյան, ժամը հինգին դուրս եկանք, սակայն ժամը մեկին,  եղանակը կտրուկ վատթարացավ, լեռը պարուրվեց ամպերով ու մառախուղով։ Մագլցման համար նախատեսված պատերը խոնավացել էին, իսկ  խորշերը՝ ձյունով ծածկվել։ Հնարավոր չէր, ոչ՛ ձեռնոցով, և ոչ՛ էլ բաց մատերով մագլցել, մեր ընթացքը դանդաղեց, միայն ժամը չորսին հասանք գագաթ։

Լուսանկարվելուց հետո նկատեցինք, որ 10 մետր հեռավորութան վրա ոչինչ չի երևում։ 200 մետր իջնելուց հետո՝  ջերմաստիճանը իջավ, խոնավացած պատերը սառեցին, մնացինք կանգնած։ Արագ կողմնորոշվեցինք, զանգեցինք փրկակարարական ծառայություն, հայտնեցին, որ մեր իրավիճակը նրանց հայտնի է։ Խնդրում են, ոչ մի քայլ չանենք։ Չկար պատսպարվելու տեղ, մնում էր ժայռին կպած կանգնած մնալ, մինչև ուղղաթիռ կամ ուղեկցորդ կուղարկեն, վերջինս անհնարին էր, ոչ ոք չէր խելագրավել այս եղանակին լեռ բարձրանալ։ Փրկարարությունից զանգ ստացանք,  տեղեկացրին, որ մինչև 5 ժամ հնարավոր է սպասենք իրենց՝ լեռանը մոտենալ հնարավոր չէր։

Երեք ընկեր կանգնած ենք ժայռին կպած, ո՛չ հենվելու և  ո՛չ էլ նստելու տեղ կար։ Ջերմաստիճանը ծացր, ցրտահարվելու ու խուճապի մեջ ընկնելու հավանականություն էլ մեծ։ Մենք իրոք չգիտեինք, արդյոք նրանք կկարողանան մեր ետևից գալ, կամ արդյոք մենք կկարողանանք երկար կանգնած մնալ։ Այդ պահին սկսում ես մտածել, թե ո՞վ ես դու, ո՞ւմ համար ես ապրում, և ինչո՞ւ պիտի ողջ մնաս։ Այդ պահին  չէի մտածում սեփական անձիս մասին, իմ վախն այլ էր, բոլոր մտքերն ուղղված էին դեպի ընտանիք, պատասխանատում եմ կնոջս և երեխաներիս համար, և եթե պետք լինի հանուն նրանց մեկ շաբաթ էլ կանգնած կմնամ։

Փրկարարներից 2 անգամ էլ զանգ ստացանք, հայտնեցին, որ միան  առավոտյան կկարողանան մեր ետևից գալ։ Երբ ետ եմ նայում, հիշում եմ, որ միաժամանակ ամենացուրտ ու ամենագեղեցիկ պահը գիշերը ժամը մեկին էր, տեսարան, որի վայելքը անհամատեղելի էր հոգեվիճակի հետ։ Առավոտյան 5-ին ուղղաթիռը գալիս է, սակայն 5 րոպե անց մեր ուրախությունն էլ մեզ նման սառչում է՝ այն ետ է վերադառնում։ Անորոշություն ու ցուրտ, պատկերացնո՞ւմ եք այդ մեկ ժամում ինչե՜ր էինք  մտածում։

Սպասելիս ամեն րոպեն մի դար էր թվում, 10 ժամ մագլցելուց և 12 ժամ ուղղաձիգ կանգնելուց հետո մեզ ցրտահարված հասցնում են հոսպիտալ։ 5 ժամ հետո մարմնի ջերմաստիճանը 34-ից բարձրացավ։ Հոսպիտալից դուրս եկանք և շարունակեցինք ճանապարհորդությունը։ 

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ:

Որոնել
Արխիվ