Լոռի10 ուղղություն Հայաստանում

10 ուղղություն Հայաստանում

Մեր կյանքը ճանապարհորդություն է մի վայրից դեպի մյուսը, իսկ Հայաստանում այցելելու, տեսնելու, բացահայտելու վայրերը շատ են, բազմատեսակ և գունեղ։ Այս անգամ առանձնացրել եմ նման վայրերից մի քանիսը։ Ձեզանից պահանջվում է ընթերցել, ծանոթանալ, եթե հոդվածում տեղ գտած թեկուզ մի  վայրում եղել եք՝ կիսվեք տպավարություններով, եթե ոչ՝ ընտրեք մի քանիսը ու առաջ շարժվեք։

 

Գյումրի 

Գյումրին  բացառիկ մարդկանցով  ու պատմությամբ հարուստ քաղաք է,  եթե մեկ անգամ այստեղ գտնվեք, այն ստիպելու է միշտ ետ վերադառնալ։ Օպերայի առաջին շենք, օժիտի տուն, դռներ ու պատուհաններ, հայտնի հայկական ֆիլմերի նկարահանման վայրեր, բերդեր,  թանգարաններ ու շատ այլ հետաքրքիր երևույթներ, որոնց համար արժե գալ Գյումրի։ Ինքս հաճախ եմ լինում այստեղ, ինչո՞ւ, որովհետև Գյումրին երբեք չի կրկնվում։

 

 Հայաստանը թռչնի բարձությունից՝ թռիչք պարապլանով 

Հայաստանի գեղեցկությունը նաև պետք է վայելել վերևից,  աննկարագրելի և եզակի զգացողություններ կունենաք բնության և մեզ շրջապատող աշխարհի մասին։ Շատ հաճախ, գրեթե ամեն  օր անցնում ենք մի ճանապարհով, որի գեղեցկության մասին գաղափար չունենք, իսկ այն թռչնի բարձրությունից շատ ախորժելի է։ Թռիչքի ընթացքում կունենաք անթիվ, խենթ ու իրական տպավորություններ, որքան էլ պատմեմ, ինձ հասկանալու համար  մեկ անգամ պետք է պարապլանով թռնել։ 

 

Ուղտասար՝ ժայռապատկերներ

Ուղտասարը եզակի բացօթյա թանգարան է։ Վայր, որի միջոցով բացահայտվում է հին հայերի սովորույթները, կենցաղն ու կյանքը։ Ուղտասարի բացահայտումները կարելի է իրականացնել  հունիս ամսին, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի տեսնել սև ու մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քարերի վրա քարե գործիքներով արված փորագրությունները, որոնցից մեծ մասը համարվում են հուշագրեր` նվիրված ննջեցյալների կյանքին ու հերոսական պատմություններին։  Քարերի վրա պատկերված են մարդիկ` որսի, հողի մշակման, մրցույթների, մարտական և պարային տեսարաններում։ Առկա են կենդանիների բազմաթիվ պատկերներ` վայրի և ընտանի բիզոններ, այծեր, մուֆլոններ, ջեյրաններ, եղնիկներ։

 

Արփի լիճ՝ սև արագիլներ

«Արփի լիճ» ազգային պարկը գտնվում էր  Շիրակի մարզում Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Հայաստանն ու Վրաստանը  կապող սահմանագծում։ Եթե ցանկանում եք լճի ողջ գեղեցկությունը տեսնել, ապա առնվազն մեկ օր պետք է այստեղ գտնվել։ Սև արագիլ ու ոչ միայն, այստեղ հնարավոր է տեսնել հազվադեպ հանդիպող մի շարք կենդանիների և բույսերի։  Հայաստանի արտասովոր այս անկյունը դյութել էր ինձ։ Հասկացա, որ մի քանի ժամը բավարար չէր բացահայտելու ազգային պարկի ողջ գեղեցկությունը։

 

Թռչկան

Գրավիչ և վտանգավոր գեղեցկություն․․․ Ջրվեժները միշտ ուշադրություն են գրավում և փոթորկում մարդու երևակայությունը: Զարմանալի չէ, քանի որ ջրվեժները ցույց են տալիս վայրի բնության գեղեցկությունն ու ուժը, ձեզ միայն մնում է լուռ վայելել և չաղտոտել տարածքը։ Թռչկանը Հայաստանի ոչ միայն ամենաբարձր ջրվեժն է, այլ նաև ամենաջրառատը, որի շնորհիվ այն հաճախ անվանում են «Հայկական Նիագարա»։  Այն գտնվում է Շիրակի և Լոռվա մարզերի սահմանագծում։ Այս տարածքի բնությունը հարուստ է հազվագյուտ կենդանիների և բույսերի տեսակներով, որոնցից շատերը գրանցված են Կարմիր գրքում:

 

Լոռիի Պուշկինի լեռնանցքի հողմային կայանի մոտ լուսանկարվել

Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Լոռիում 2002 թվականի շահագործման հանձնված  Հայաստանում առաջին քամու էլեկտրակայանը կարող է այսքան պահանջված լինել լուսանկարվել սիրող անցորդների համար։ Եթե սիրում եք ասպետական վեպեր, ապա այս վայրով անցնելիս մտովի կփորձեք հեռվում Դոն Կիխոտին փնտրել , ում երևակայության մեջ պատկերվում են մարտեր, արկածներ, ասպետական սխրագործություններ: Նա նայում էր իրականությանը այնպես, ինչպես պատկերված էր ասպետական վեպերում՝ չցանկանալով նկատել, որ ժամանակները փոխվել են, որ այլևս չկան թափառող ասպետներ: Իսկ եթե խոսենք այս վայրի մասին, ապա Պուշկինի լեռնանցքն ունի իր լեգենդը, ըստ որի՝ Ալեքսանդր Պուշկինը Հայաստանից Կարս մեկնելու ճանապարհին տեսել է այն սայլը, որով տեղափոխում էին Թեհրանում սպանված Ալեքսանդր Գրիբոեդովի մարմինը։ Պուշկինի հարցին, թե ում են տանում, պատասխանել են` Գրիբոյեդովին։ Իր ճամփորդական նոթերը նա հետագայում հրապարակել է «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքում։ Հանդիպման վայրում կառուցված է աղբյուր-հուշարձան։

 

Արագած․ Փառահեղի զգացողություն

Ասում են, եթե ուզում ես մի բան, որ նախկինում չես ունեցել, ուրեմն պետք է անես մի բան, որ նախկինում չես արել։ Տարվա անելիքներիս մեջ Արագած բարձրանալը մուգ տառերով է գրված, նպատակներիցս մեկն է՝ հաղթահարել այս բարձունքը։ Դեպի Արագած՝ քայլարշավային տուրերը շատ են, մնում է ընտրել մասնագիտացված խմբի։ Լեռան հետ կապված բազում ավանդազրույցներ կան, կներկայացնեմ մեկը, մյուսները՝ բարձրանալուց հետո։ Պատմում են, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են և մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են գոտիները կապել՝  բարևում են իրար։ Աստվածը բարկանում է և պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են, դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն է՝ Արարատից, Սեբելանից և Սիփանից հետո։


 Սմբատաբերդ ու Ցաղած Քար վանք՝ քայլարշավ

Հայաստանի գեղեցկություններից մեկն էլ Սմբատաբերդն է։ Այն մարդու կողմից կառուցված ամենահզոր շինություններից մեկն է։ Հայկական չինական մեծ պարիսպ, այցելուների առաջին արձագանքը այսպիսինն է։ Այն տեսնել, անկասկած, պետք է։  Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը։ Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը։ Հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։ Քայլարշավային ձևաչափով կարող եք նաև այցելել Ցաղած Քար, որը գտնվում է բերդից 2 կմ․ դեպի արևմուտք։

 

Խնձորեսկ՝ ճոճվող կամուրջ

Հուզմունք, հիացմունք, վախ, զարմանք, «Ճոճվող» կամրջի վրա գտնվող մարդկանց զգացողությունները բազմազան են, երբեք չեն կրկնվում։ Ամիսների ընթացքում կառուցված կամրջի երկարությունը 160 մետր է, իսկ բարձրությունը` 63 մետր։ Կամուրջն այսօր զբոսաշրջիկների շրջանում հայտնի է որպես Խնձորեսկի «Ճոճվող» կամուրջ, որն իրար է կապում գյուղի երկու հատվածները` Հին Խնձորեսկից դեպի Մխիթար սպարապետի գերեզմանը, և պահպանելով գյուղի պատմական կոլորիտն ու բնության անաղարտությունը, այն ավելի գայթակղիչ է դարձնում զբոսաշրջիկների այցը Սյունիքի մարզ: «Ճոճվող» կամրջի հեղինակը Ժորա քեռին է, ով կառույցը նվիրել է ծնողների հիշատակին: Ժորա քեռին սիրում է նստել կամրջի կողքի աթոռին։ Ժամանած հյուրերը նրա կողքով անցնում են դեպի կամուրջ, իսկ ինքը՝ նստած հետևում։ ավելի քան 7 տարի է անցել կամրջի բացումից, սակայն մինչ օրս հուզվում է, չէր մտածում, որ իր նախաձեռնությունը հայտնի կդառնա ողջ աշխարհին։ Հին Խնձորեսկի քարանձավներով հիանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ և զարմանում, թե մինչև ո՞ւր կարող էր հասնել մարդկային երևակայությունը:

 

Սատանայի կամուրջ

Տեղի բնակիչները վաղ ժամանակներում չկարողանալով բացատրել երկրաբանական  պրոցեսները, այն համարել են սատանայի գործ, իսկ կամուրջը «Սատանայի կամուրջ»:  Բնական կամուրջները բնության ապշեցնող կոթողներից են, որոնք գոյացել են դարերի ընթացքում։ Կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամարը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը (ստալակտիտներ), իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային խորշերից ներքև թափվում են գեղատեսիլ ջրվեժներ: Դարեր շարունակ այդ հանքային ջրից նստվածք է առաջացել և անդնդախոր ձորի երկու ափերը ամուր միացել են իրար, որի միջով հոսում է որոտընդոստ Որոտան գետը: Ժողովուրդն էլ այդ ջրերը օգտագործել է զանազան հիվանդությունների բուժման համար:

Մեկնաբանություն բաժնում կիսվեք ձեր սիրելի վայրով, միգուցե հաջորդ ճանապարհորդությունս լինի այդ ուղղությամբ 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ