Արցախ Բացահայտենք Երևան

Փրկվածները. Արցախյան գորգերը Երևանում են

on
03.03.2021

Հայաստանում գորգագործությունը որպես արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ: Նույնիսկ  իտալացի ճանապարհորդ, գրող Մարկո Պոլոն իր գրքերից մեկում հիշատակում է, որ գորգերը գործում էին հույներն ու հայերը: 

Պատմական Հայաստանում գորգերը և կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Ընդհանրապես գորգագործությունը հին մշակույթ էր և լուծում էր կենցաղային հարցեր: Հետաքրքիրն այն է, որ իր մեջ ներառված զարդանախշերը մասսայականացվել է գորգերի միջոցով՝ «ԶԼՄ գործառույթը»  նախկինում գորգերն էին կատարում: Նրանցում արտացոլվում էին աշխարհի արարումը, տղամարդ-կին հարաբերությունները և այլ կենցաղային թեմաներ: 

2013 թվականին թանգարան այցելած գերմանացի արվեստաբան Ֆոլկմար Գանցհորնը, իր «Քրիստոնեական արևելյան գորգ» հետազոտական աշխատության մեջ  անդրադարձել է գորգի ծագումնաբանությանը և  խորհրդաբանությանը:  Արվեստաբանը թանգարանում շրջելուց հետո ասել է. -«Ձեր թանգարանն աշխարհում միակն է, որտեղ գորգերի բոլոր նմուշների ծագումնաբանությունը հստակ է։ Իհարկե ավելի հին և արժեքավոր գորգեր կարող եք տեսնել, բայց դրանց ծագումնաբանությունը հստակ չէ, քանի որ դրանք սկզբնաղբյուրից չեն ձեռք բերվել, մի քանի ձեռք են անցել մինչև թանգարանում հայտնվելը»: Իրականում նույն սկզբունքով էլ հավաքվել են գորգերը, բոլորը ձեռք են բերվել ընտանիքներից, որտեղ նրանք ծնունդ էին առել: 


«Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Ծաղկագորգ», «Աստղագորգ», բազմաթիվ գորգեր կհանդիպեք, սակայն հավաքածուի ամենահին գորգը 17-րդ դարի գործ է՝ 350 տարեկան։ Այն ձեռք է բերվել Ասկերան շրջանի Շոշ գյուղից: Հայտնի չէ  գորգի ընտանիքի պատկանելիությունը:  Մետաքսի վրա արված ասեղնագործ աշխատանքը հայկական ասեղնագործության բարձր դիրքերում գտնվող տեսակներից է: Ի դեպ, Շոշում ասեղնագործությունը շատ զարգացած էր։ Նրա վրա պատկերված է շողշողուն խաչ, նման զարդանախշ  Էջմիածնի Մայր Աթոռի թանգարանի  գանձարանում կգտնեք: Հազվագյուտ գործ է, նման զարդանախշ՝ այն էլ տեքստիլի վրա, երբեք չեք հանդիպի:

Յուրաքանչյուր գորգ  ունի իր կենսագրությունը: Առանձնացրել եմ  ձեզ համար մի քանիսը:Հաջորդը՝ որդան կարմիրով ստեղծված գորգն է,մոտավորապես 170 տարեկան: 

Աչք զարնող գորգերից է «Քարավանը»: Արցախյան այս գորգի վրա հայկական տառեր էլ կնկատեք: Կապույտից կարմիր անցումը խորհդանշում է գիշեր-ցերեկ, մեջտեղի զիգզագը՝ գիշերից  ցերեկ աստիճանաբար անցնելը:  Գորգում պատկերված ուղտերը վկայում են, որ «Մետաքսի ճանապարհ»-ը անցել է Արցախով:

Արցախյան գորգերում կարելի է նկատել մեղվի զարդանախշ, ինչը աշխատասիրությունից զատ, նաև մոր պաշտամունքն էր,  քանի որ մորից էր սկսվում ծնունդը: Պատահական չէ, որ Արցախում 90 և ավելի բարձր տարիք ունեցող կանանց ասում են այա՝ սուրբ: 

Շատ հաճախ կարելի է գորգերում տեսնել տղամարդու պատկերը: Ի տարբերություն իգական պատկերների՝ նրանք ավելի խոշոր են: Գորգերում կտեսնեք նոր ծնված, ծուռ ոտքերով, կարմիր հագուստով աղջնակի: Հնագույն ժամանակներում հավատում էին, որ տղամարդը ծնված օրից կրում է ցեղի հիմքը, իսկ աղջիկը ծնվում է մաքուր: Արշավանքների ժամանակ աղջիկներին գողանում  էին, դա արվում էր ազգը փոխելու համար:

Այս գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուն է, և Շուշիից հանվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ին։ Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի վերջին Շուշիի գորգերի թանգարանի մոտակայքում մեծ հրթիռ էր պայթել և վնասել շինությունը, ջարդվել էին դռներն ու պատուհանները:  

  • Ցուցադրված են թվով 71 գորգ
  • Կարող եք այցելել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ 
  • Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի
  • Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00
  • Հասցե՝ Կառավարության տուն 3, մուտքը՝ Ալ. Թամանյանի արձանի մոտից:

                                                                                                                                               

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ:

Որոնել
Արխիվ