ԲացահայտենքՏեր-Ղազարյանների միկրոարվեստ․ Աշխարհի ութերորդ հրաշալիք

Տեր-Ղազարյանների միկրոարվեստ․ Աշխարհի ութերորդ հրաշալիք

Էդուարդ Տեր-Ղազարյանի որոշ ստեղծագործություններ կարելի է դիտել միայն 5000 անգամ մեծացնող օպտիկական սարքի միջոցով։ Նրա մի քանի աշխատանքներ ընդգրկված են Գինեսի ռեկորդների գրքում։ Մարդ, ով ամբողջ աշխարհին զարմացրել է իր տարատեսակ միկրոքանդակներով։ 

Տարիներ առաջ,  Մոսկվայում պատահական հայտնվեցի այս բազմատաղանդ ու բազմաշնորհ մարդու ցուցահանդեսին։ Չնկատեցի էլ, թե որքան արագ թռչեց ժամանակը։ Երազում էի, որ Հայաստանում էլ   հնարավորություն լինի գեղեցիկի հետ շփվելու, չէ՞ որ այն վեհացնում է մարդուն, օգնում նրա կայացմանը, կամ ուղղակի հպարտանալու և վայելելու մեծն վարպետի ստեղծագործությունները։

 

Պատկերացրեք իմ ցնծությունը, երբ իմացա, որ Երևանում Աբովյան 8 հասցեում կբացվի Տեր–Ղազարյանների միկրոքանդակների թանգարանը և  հիմնական ցուցադրությունում ընդգրկված կլինեն պապ և թոռ Էդուարդ Տեր-Ղազարյանների միկրոաշխատանքները։ 


Ներկայացնում եմ մի քանի պատճառ թե ինչո՞ւ պետք է այցելել թանգարան, մնացածի մասին արդեն ձեզ կպատմեն թանգարանում։ Տաղանդավոր մարդ, ով ընդունակ էր անհնարին աշխատանքների։ 20-րդ դարի  բացառիկ մարդկանցից  էր, ով ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն, երկար տարիներ էլ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը: Ողջ կյանքի ընթացքում պատրաստել է շուրջ 600 երաժշտական գործիք, որոնցից 30-ը իրենց տեսակի մեջ բացառիկ են։ Ամենափոքր երաժշտական գործիքը  7 միլիմետր չափս ունեցող ջութակն է, որով վարպետը նվագել է, աղեղն էլ՝ մարդու մշակված մազից է։ 

 

Կտեսնեք «Խաղաղության երաժշտական ավտոմատը», որտեղ համատեղված են տարբեր երկրների 40 մանրաչափ նվագարաններ։ Գաղափարը հետևյալն էր․ «Եթե աշխարհում ստեղծվեն ավտոմատներ, ապա միայն նվագելու համար»։ Վարպետը պատերազմի մասնակից է եղել, իսկ երաժշտական գործիքը կոչ էր աշխարհին։ Այստեղ կարելի է տեսնել նռնակի, նետ ու աղեղի տեսքով գործիքներ, որոնք կրկին նույն  հորդորով են ստեղծվել։ 

 

Յոհան Սեբաստիան Բախը 1724թ․ գծագրել էր մի ալտ, որն իր հսկայական չափերի շնորհիվ պետք է ունենար հզոր ձայն։ Սակայն պատրաստող վարպետ Հոֆմանի սխալների պատճառով գործիքը չէր հնչել։  270 տարի անց, Բախի գծագրերի հիման վրա, Էդուարդ Տեր-Ղազարյանը գտնելով սխալները վերականգնում է գործիքը, այն անվանում են Վիոլա պոմպոզա, այսինքն հանդիսավոր ալտ։


Էդուարդ Տեր-Ղազարյանը առանձնակի ուշադրությամբ էր ուսումնասիրում սարդերին և հաճախ էլ ասում էր, որ նրանք են իր ուսուցիչները, ինչպես սարդերն են  մանրակրկիտ և գեղեցիկ սարդոստայն հյուսում, այնպես էլ ինքն է միկրոքանդակներ պատրաստում։


Նրա խոշորագույն նվաճումներից է շարժական միկրոաշխատանքների ստեղծումը, որոնք դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը։ Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ՝ չկրկնելով դրանցից և ոչ մեկը։ Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի։ Պատմությունը հետևյալն է, վարպետին  մամոնտի ատամ են նվիրում, ատամից էլ քանդակում է օպերայի շենքը։ Ժամանակ անց նրան տեղեկացնում են, որ այդ շենք մարդիկ են մտնում և դուրս գալիս։ Վարպետը որոշում է սեփական աչքով տեսնել ինչ է կատարվում, պարզվում է, որ ատամից առաջացել են մանրէներ։ Այդպես առաջանում է շարժական միկրոքանդակներ ստեղծելու գաղափարը․ «Եթե կարելի է ստեղծել միկրոքանդակ, կարելի է դրանց շարժում հաղորդել»։ Շատ ժամանակ է պահանջվում, մինչև գտնում է շարժական միկրոքանդակ պատրաստելու ճանապարհը։

 

Այդ գաղտնիքը հայտնի է միայն իր անվանակից թոռանը, 2009 թվականից նրանք միասին  էին աշխատում, վերջինս ընտրել էր իրավաբանի մասնագիտություն, սակայն թողնում է մասնագիտությունը և շարունակում պապիկի գործը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ