ԼոռիՕր առաջին․ Բարի լույս

Օր առաջին․ Բարի լույս

Զանգ։ Առջևում 7-օրյա ճանապարհորդություն Հայաստանում և Վրաստանում։ Պետք էր բացահայտել  հարևան երկրների դեռևս անծանոթ համն ու բույրը, տեսնել շնորհալի արհեստագործների կողմից ստեղծած ինքնատիպ աշխատանքները, ծանոթանալ թե՛ հին, և թե՛ նոր պատմությունների։ Հայաստան-Վրաստան զբոսաշրջային համագործակցության համար նոր  փաթեթ է ստեղծվում «Սարերից դեպի գյուղեր» խորագրով։ Ճանապարհի ուղեգիծը ձգվում է Արագածից մինչև Կազբեկ լեռ՝ ներգրավելով հարակից գյուղական համայքները և առաջարկելով տվյալ բնակավայրին բնորոշ բացառիկ փորձառություններ։ 

 

Առաջին  կանգառը Լոռու մարզի Ախթալա վանական համալիրն էր,  որտեղ մեզ միացան վրացի գործընկերները։ Վանքի գեղեցկությունն ու բնական միջավայրն այնքան տպավորիչ էին, որ մեկնումը հետաձգվեց ևս մեկ ժամով։ 

Հենց այս վանական համալիրի մոտ էլ հանդիպեցինք տեղի ամենակոլորիտային մարդուն, ով հյուրընկալի տարազով մեզ դիմավորեց, և  սովորական ընդմիջումը դարձավ քարով ապուրի պատրաստման վարպետաց դաս։ Այո, քարով ապուրի։ Ճիշտ է բախտ չվիճակվեց այս անգամ այն փորձել,անպայման կլրացնենք այս բացթողումը։ Ողջ ճանապարհորդության ընթացքում և հետո էլ խոսում էի այդ ապուրի մասին։ 

 

Ժամանակն էր շրջել Ախթալայի վանական համալիրի տարածքում, այն իսկապես գլուխգործոց է, ահռելի չափսերի որմնանկարներ, որոնք խոսում են մեր նախնիների մտավոր հարստության մասին։ Ըստ տեղաբնակների պատմությունների՝ որմնանկարների վառ գույները պատարագից շեղում էին այցելուներին, և քահանան զայրացած հրամայել է կրով պատել դրանք:

 

Ի դեպ,  Ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանը 17-րդ դարում Ախթալայում հայտնաբերել է քարարկղային դամբարաններ` կավե, բրոնզե և երկաթե գտածոներով։ Մորգանի հայտնաբերած դամբարաններից մեկն էլ, այն յուրատեսակ դամբարանային նմուշներից էր, որտեղ մարդիկ թաղված էին նստած դիրքով:  Ախթալայի վանական հուշարձանախումբը ոչ միայն հայկականի, վրացականի ու բյուզանդականի ներդաշնակ միահյուսումն էր, այլ նաև հավասարակշռում էր տարածաշրջանի մշակույթն ու քաղաքական կյանքը։ Չմոռանանք, որ 20-րդ դարի հայ նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը»  կինոնկարի հատվածներ նկարահանել է Ախթալայի վանքում։ 

 

Ժամանակն էր շարժվելու, օրակարգը  հագեցած էր, ու առջևում արկածներով, ուսանելի, ճանաչողական, մշակութային աչքը հարստացնող  իրադարձություններ էին սպասվում։

Զգացմունքների այս տեղատարափը դժվար թե լիներ, եթե օրվա բացահայտում չհանդիսանար  Զարնի Պարնին։ Վայր, որտեղ կարելի է վայելել մեկ գավաթ գինի ու առջևումդ բացվող տեսարանը։ Բնություն, որին նայելիս հասկանում ես, որ չկա նման այլ ծառ, չկա իրեն համապատասխան գույն, նրանք շատ են, ճոխ, սակայն միևնույն ժամանակ եզակի։ Ագահորեն տեսարանը կուլ էի տալիս, և եթե այն ինձ ձայն տար, ես  կմոռանայի աշխարհի վրա ամեն ինչ ու կմոտենայի նրան՝ մոռանալով քարով ապուրի գոյության մասին։ Բնության գայթակղությունը հզոր էր․․.

Եթե շատ ուշադիր լինեք, ապա կտեսնեք դիմացում վեր խոյացող Կայան Բերդը։ Մինչ օրս ամրոցը բավարար պեղված չէ, պարզվում է միջնադարում եղել են Կայան անունով երկու ամրոցներ. մեկը Լոռիում` Հաղպատի մոտ, մյուսը` Աղստևի հովտում և երկու Կայանների ճակատագրերը տարբեր են եղել։ 


Վերադառնանք Զարնի-Պարնի։  Միջնադարյան քարայր-ամրոցային այս  համալիրը զբոսաշրջային նոր ուղղություն է։   Վերին հուշարձանը «Պարնի»-ն ծառայել է որպես թաքստոց։  Թշնամական հարձակումների ժամանակ այստեղ են թաքցրել Հաղպատավանքի ձեռագրերն ու հարստությունը։  Քարայր-ամրոցում հայտնաբերվել է գմբեթային աղբյուր։ Ջրի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն բյուրեղյա մաքուր ջուր է:  Քարից տարաներում է լցվում ջուրը, ցանկության դեպքում կողքի դրված բաժակով կարող եք խմել։ Ի դեպ, ժողովրդական ավանդությունն ասում է, որ այդ ջրով բուժում էին բազմաթիվ հիվանդություններ: 

 

Այստեղ նաև կարող եք տեսնել  Լոռիի կենցաղը ներկայացնող այնպիսի իրեր, որոնք  հազվագյուտ են իրենց հնությամբ և որոնք հուշում են  տեղաբնակների հարուստ կենցաղավարության մասին։

Փարթամ, սաղարթախիտ անտառներով բնապատկերից հետո, ապշեցրեց հյուրընկալությունը։ Հյուրընկալող կողմը գեղեցիկ ընտանիք էր, հայկական ավանդապահ, լցված մեծ սրտով ջերմությամբ։ 

 

Գիշերակացը նախատեսված էր Օձունի Սերգո Դավթայնի հյուրատանը։ Համտեսեցինք տնական քաղցրավենիք, բալի քաղցրահամ մուրաբա, վայրի տանձի  շատ թունդ օղի։ Պարզվում է Սերգո Դավթյանն իր հյուրատան աշխատանքները սկսել է ընդամենը երկու սենյակից, այսօր դրանք  8-ն են՝ բոլոր հարմարություններով։ Հյուրատունը բազմաթիվ օտարերկրացիների է հյուրընկալել, որոնց թիվն էլ տարեցտարի կրկնպատկվում է։ Հաջողությունն ունի պարզ բանաձև․ «Երբեք հյուրին հաճախորդ չընկալել։ Հյուրը հայկական ընտանիքում միշտ սպասված է, և ընթրիքի սեղանի «զարդն է»»,- համեստ ժպիտով կիսվում է Սերգո քեռին։ Սենյակներում տեղավորվելուց հետո, առջևում մեզ սպասվում էր Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելություն։ 

 

Օձուն գյուղից ոչ շատ հեռու գտնվում է մարզի հրաշքներից մեկը՝ «Օձի պորտը», որտեղ մեզնից շատերին գրավեց ձիավարությունը, իսկ մյուսներիս՝ բնության գրկում զբոսանքը։ Պետք է նշեմ, որ այս վայրի մասին շատ քչերը գիտեն: Ասում են «Օձի պորտ»-ից հոսող ջուրը բուժիչ է ու շատ հաճախ քայլարշավի սիրահարները կանգ են առնում այս վայրում ջուր խմելու և  այն իրենց հետ վերցնելու: Ըստ լեգենդի գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի իմաստուն ծերունի: Ձորակի ձախ կողմում ՝ լեռան լանջին, հայտնվում է սարսափելի վիշապը և նրա արձակած ձայներից ամեն ինչ էր  քարանում: Մի կին, սափորն ուսին, իջնում էր լեռան լանջով, և, տեսնելով հրեշին, իսկույն քարանում է: Ծերունին աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել: Աշակերտը չի վերադառնում և այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժինն են դառնում: Դպրոցից դուրս է գալիս ծերունին՝ փնտրելու իր աշակերտներին: Իմաստունը գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից, հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Իմաստունի ասածն իսկույն կատարվում է:Ու վիշապը դառնում է քարե արձան։ Ասում են, որ մի ժամանակ կինը, որ քարացել էր սափորն ուսին ու դարձել էր ժայռ երևում էր անզեն աչքով։ Պատմությունը ավարտվում է 1939 թվականին, երբ ժայռը քանդվում է։ 

 

Մթնեց,  ժամանակն էր վերադառնալ հյուրատուն, որտեղ մեզ դռների մոտ սպասում էր Սերգո քեռին՝ հանդարտ ժպիտով։ Հայկական, ավանդական ընտանիքում ընթրիքը տպավորիչ էր, և իրոք, եթե մինչև այցելությունը մենք այս ընտանիքի համար  հյուրեր էինք, ապա ընթրիքին դարձանք տան անդամ։ Եվ դա բոլորովին կապված չէր տանձի թունդ օղու հետ։

 

Առաջին օրը հագեցած էր ապրումներով, որոնք դաջվեցին հիշողության մեջ ամբողջ կյանքի համար։  Ճանապարհորդություն, որն արդեն ուներ հստակ հիշողություններ, պատմություններ ու լուսանկարներ։ Ճանապարհորդութուն, որտեղ ամեն ինչ պտտվում է լեռների շուրջ…


Նյութը պատրաստվել է   ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի   և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Սարերից դեպի գյուղեր» խորագրով  ինֆոտուրի շրջանակներում։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ