ԲացահայտենքՎիշապաքարի գատնիքը

Վիշապաքարի գատնիքը

Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են… Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար: Բայց վիշապները, ինչպես կպարզվի հետագայում, այնքան էլ բարիդրացիական չեն տրամադրված մարդկանց նկատմամբ…

Վիշապաքարերը բացառիկ երևույթներ են, որոնք հանդիպում են միայն պատմական Հայաստանի տարածքում։ Առեղծված, որը մինչ օրս հստակ բացատրություն չունի։ 

Հաճելի է հանդիպել ժամանակակից հայ գրականություն, որը շատերին սկզբում մտովի, հետո՝ իրականում կստիպի ճանապարհորդել Հայաստանում։ Մանկապատանեկան ֆենթըզի գիրքը համեմված է դիցաբանությամբ և արկածներով, իսկ գործողությունները ծավալվում են Հայաստանում։ Բնավ, պարտադիր չէ, երեխա լինել այն ընթերցելու համար, ինքս մի շնչով եմ կարդացել։ Եթե ծանոթ չեք, ապա խորհուրդ եմ տալիս, իսկ մինչ այդ ներկայացնում եմ գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանի հետ զրույցը։ 

Քարե բեկորների մնացորդները վրայից թափ տալով (մի քանիսը չլմփացին լճակի ջրի մեջ) Վահագնի դեմ դիմաց՝ նախկին վիշապաքարի տեղում շան պես հետևի թաթերը ծալեց,  իսկ դիմացի երկու թաթերը ձգեց ու նստեց վիշապը։ Ուշադրություն չդարձնելով Վահագնին՝ հրեշը ճոճեց կեսմետրանոց վզին տեղակայված գլուխը, որի ամենաուշագրավ մասը խոյանման պարուրաձև կոտոշներն էին և պարանոցի օձիքանման սուր ելուստներով պատված հատվածը։ Ակնթարթ անց թիկունքին ճռռալով բացվեցին թևերը։ 

Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ՝ Վիշապը  նախապես պաշտվել է իբրև ջուր,  անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Վիշապը դիտվել է նաև ջրերի ակունքներն ու գանձերը հսկող ահարկու հրեշ։

Առաքելություն

Հայաստանում շատ քիչ կա պատանեկան գրականություն։ Այդ դաշտն աշխուժացնելու առաքելությունն ինձ վրա վերցրի։ Տղաս գիրք ընթերցելու տարիքում է։ Հասկացա, որ միայն  արտասահմանյան գրականության թարգամնություններ պիտի կարդա։ Իրեն ծանոթ միջավայրում, իրեն ճանաչելի հերոսներով պատմություններ ուղղակի չկան։ Իհարկե, ունենք Վախթանգ Անանյան, Ազատ Շահինյան, որոնց վաղուց չեն վերատպում, իսկ երեխաների մեջ սեր դեպի ընթերցանություն պետք է սերմանել վաղ հասակից։

Վիշապաքար

Մեր մշակույթի մեջ  ունենք շատ հետաքրքիր տարր՝ վիշապաքար։ Խորհրդավոր երևույթ, նրանք շատ են Հայաստանում և նրանց մասին ոչինչ հայտնի չէ։ Մեր ֆոլկլորը բավական զուրկ է մոգական երևույթներից, էպոսում կարելի է միայն մարդկանց նկատել։ Ժամանակն էր «արթնացնել» նրանց։ Միջազգային գրականության և կինոյի բնագավառում ունենք հաջողված փորձ, որտեղ պատմական էպիկական էլեմենտներն ու իրականությունը  քայլում են հավասար։

Ինքս շատ եմ սիրում «Պոպլավոկ» այգու վիշապաքարին։ Մանկությունս այնտեղ է անցել։  Այն պարկած վիճակում էր և վրան նստել, գիշերներով կարմիր կոճակ խաղալն արդեն ծանոթ փորձառություն էր։ 

Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են… Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար: Բայց վիշապները, ինչպես կպարզվի հետագայում, այնքան էլ բարիդրացիական չեն տրամադրված մարդկանց նկատմամբ…

Հակադրություն

Գրքում կնկատեք շատ հետաքրիքր կոնտրաստ։ Ծանոթ վայրեր, կախարդական աշխարհից բերված կերպարներ։ Քարի վերածված վիշապ, ռաբիս երաժշտություն, շաուրմա, ականջին ծանոթ խոսակցական լեզու։ 

Երեխաներին ամենաշատը զարմացրել է, որ գրքի գործողությունները իրենց իմացած իրականության մասին է։ Եվ լեզուն, շատ կարևոր է, երբ գրում ես 21-րդ դարի Երևանի ու հերոսների մասին,խոսքը պետք է համապատասխան լինի։ Լեզուն ճկուն, կենդանի օրգանիզմ է, որը չի մնացել 19-րդ դարում։ 

Ուղերձ

Միասնություն, հավատարմություն, ընկերություն։ Ընդհանուր վտանգը կարող է համախմբել տարբեր մարդկանց։ Երկու օտար միավորումների իրար հետ շփում, նաև այն, որ օգնությունը կարող է գալ ամենաանսպասելի կողմից:

Գիրքը լույս տեսավ պատերազմի օրերին։  Մի ծնող այն գնել էր երեխայի համար, սակայն ինքն էր ընթերցել՝ շեղվելու նպատակով։ Մեկնաբանություն էր գրել, որ գրքի մեջ կա մեծ կոնֆլիկտ, և այն ոչ թե լուծվել էր, այլ սառեցվել, թողնվելով ավելի ուշ ժամանակների համար։ Եվ ահա, այն պայթում է ուրիշ սերունդների վրա։  Գրքում էլ է այդպես, հազարամյակներ առաջ վիշապների հետ կռվել են և նրանց քարացրել, մի կողմ են դրել հարցի լուծումը և այսօր այդ հարցը կրկին բարձրացել է։ Իրականում, ամենագլխավորը ոչ թե ասելիք ասելն էլ, այլ հետաքրքիր պատմություն պատմելն էր։

Արձագանքներ

Երեխաները մի անգամ հարցրեցին․ -Իսկ վիշապներ կա՞ն։ Պատասխանեցի, որ դեռ չեմ հանդիպել, բայց կարող է։ 

Հայաստանում ճանապարհորդել

Մտածում էի, որ դրական կերպար Վազգենը «Պոպլավոկ»-ի վիշապաքարն է, պետք էր չարագործ, որն էլ  գտնվում է Աժդահակ լեռան վրա։  Էպոսային վիշապ, որը իբրև նախկինում արքա էր։ Ինձ համար կարևոր էր, ինչպես Երևանը լինի իրականություն, այնպես էլ՝  վայրերը, որոնցով անցնում են հերոսները։

Նկարազարդումներ

Մանկության վառ հիշողություններից է,արկածային գրադարանի բոլոր գրքերն ունեին հաճելի նկարազարդումներ, լրացնում էին պատումը։

Հայաստանում կան շատ լավ նկարիչներ, ովքեր զբաղվում են գրքային նկարազարդմամբ։ Հանդիպեցի Հարութ Թումանյանին, սկսեցինք միասին աշխատել։ Արդյունքում գիրքը նաև նկատելի է իր նկարազարդումներով։

Եռապատում

Անպայման կլինի շարունակություն, քանի որ երբ ստեղծվում է այլընտրանքային իրականություն կամ նոր աշխարհներ, դժվար է ընդամենը մեկ գրքով սահմանափակվել։ Ցանկանում եմ եռապատում դարձնել «Վիշապաքարի գաղտնիք» գիրը։ Այս պահին երկրորդ գրքի վրա եմ աշխատում, այս պահին մի քիչ դանդաղ, սակայն նույն հերոսներն են, նրանք մեծացել են։

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

Լուսանկարները՝ գրքի ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ