հայաստանի լեռները

«Ճամփի ընկերը»․ Գեղարքունիքի մարզը փոստքարտերում

«Ճամփի ընկերը»․ Գեղարքունիքի մարզը փոստքարտերում

Սևանա լճի ափին հափշտակված էի հրաշագեղ տեսարանով։ Հայացքի առաջ բացվող բնության պատկերով կարելի էր անվերջ հիանալ։ Լիճը կարող է լինել սիրալիր և նուրբ, հանգիստ և մեղմ, ըմբոստ և անհնազանդ։ Ժամերով կարելի է հետևել փոփոխվող տրամադրությանը, ալիքների շշուկին և ճայերի ձայնին։ Ճանապարհորդությունը, որի մասին կիսվելու եմ Սևանա լճի մասին չէ, այլ Գեղարքունիքի մարզի մի շարք վայրերի, որոնք իրական բացահայտում կարող են լինել յուրաքանչյուրիս համար։

«Ճամփի ընկեր» ծրագիրը՝  ճանապարհորդությունը Գեղարքունիքի մարզ այսուհետ հետաքրքիր ու հարմարավետ կդարձնի։ Զբոսաշրջիկի «Ճամփի ընկեր» են լինելու փոստքարտերն իրենց ուղեկցող հոլովակներով, որոնք կառաջարկեն մարզում լավագույն երթուղիները:  Գնում եմ  սեփական աչքերով վայելեմ այն ամենը, ինչին ծանոթացել եմ լուսանկարների միջոցով: 

Սևան քաղաք

Սկսում ենք Սևան քաղաքից, վստահ եմ, որ ձեզանից քչերն են զբոսնել Սևան քաղաքում։ Եթե հանդիպել եք սպիտակ որորի տեսքով ցուցանակներին, ապա ձեր ճանապարհորդությունը սկսված է։ Ցուցանակների վրա նշված են ուղղությունները և  QR կոդը, որը թույլ կտա Սևան քաղաքի տեսարժան վայրերի մասին մի քանի լեզուներով տեղեկատվություն ստանալ։ Սևանում հագեցած քաղաքային շրջայցից կառանձնացնեմ Սևանի առաջին տունը, որից էլ սկսվում է Սևան քաղաքի պատմությունը։

1842 թվականին Սևանա լճի ափամերձ տարածքում իր երկրորդ հայրենիքը գտավ Իսայա Երշովը` այստեղ կառուցելով առաջին տունը։ Ժամանակի ընթացքում Երշովի օրինակին հետևեցին նրա հայրենակիցներից շատերը։ Գյուղը կոչեցին Ելենովկա` ի պատիվ Մոսկվայի Իվան Երրորդ մեծ իշխանի հարս Ելենայի, որը հուդայականություն էր ընդունել և հետագայում դրա համար կյանքով պատասխան տվեց։ Տունը, որն այստեղ կառուցեց Երշովը, ի սկզբանե գտնվում էր գրեթե լճի ափին։ Սևանը հարուստ էր ձկներով, իսկ մերձակայքը հարմարավետ արոտավայր էր։ Ջրի մակարդակն իջնելուց հետո ափը զգալիորեն հեռու մնաց։

Նորատուս

Նորատուսը միջնադարում երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ սա է ավանդական Գեղամ Նահապետի կառուցած Գեղարքունիքի բերդ-ավանը, որը նա կոչել է «Նորատունս»` նոր տներ։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։

Նորատուսի վերաբերյալ հյուսված ավանդազրույցներից մեկը նկարագրում է օսմանյան թուրքերի ներխուժումը Գեղարքունիք և նրանց կռիվը Գեղամ իշխանի դեմ։ Ունենալով շատ քիչ զինվորներ` վերջինս իր մարդկանց հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին, և թշնամու համար ստեղծել խաբկանք` հեռվից թողնելով մեծաքանակ և ուժեղ բանակի տպավորություն։ Թուրքերը սարսափահար փախուստի են դիմում, իսկ Գեղամն իր խմբով հարձակվում և պարտության է մատնում թշնամուն։


Դամբարանի տարածքում կա մի փոքրիկ մատուռ, որի օգնությամբ, մեկ այլ ավանդության համաձայն, փրկվել է մի ամբողջ գյուղ։Մոնղոլ-թաթարները պայմանավորվել էին գյուղի ավագանու հետ, որ կխնայեն բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր կտեղավորվեն ժամատան ներսում։ Քանի որ մատուռն ուներ գաղտնի ելք, բոլոր բնակիչներին հաջողվեց փախչել։ Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ՝ ապշահար է լինում. նա տեսնում է միայն աղոթող ավագանուն։ Ավագանին բացատրում է, որ ամբոխը վերածվել է աղավնիների ու չվել երկինք։

Մարտունի 

Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային լայն հնարավրությունների մասին միայն իմացա  ճանապարհորդության շնորհիվ։ Մարտունիում մեզ դիմավորեց Տիգրանը, ով  մանկուց երազում էր մարդկանց ցույց տալ սարերի գեղեցկությունը և այն իրականություն դարձրեց «Ասպ» հեծյալ ակումբի միջոցով։

Տիգրան Բաղիշջանյանը Մարտունիում զարգացնում է ձիարշավային տուրիզմը։ Նա վստահ է՝ կարող է հայկական ձին վերադարձնել հային։ Ինչպես ինքն է բնորոշում ՝ ի վերուստ գենով մեզ պատկանող  կենդանուն հնարավոր է հանել պատմության փոշու տակից։ Պատմական արմատներ ունի նաև Մարտունու հեծյալ ակումբի ԱՍՊ անվանումը՝ պարսկական ծագումով բառը նշանակում է ձի։ Ասպատակել՝ ձիով գալ, հավաքել, տանել։

Այս վայրում կարող եք իմանալ ձիերի խնամքի մասին ցանկացած մանրուք։ Պայմանավորվեցինք, որ հաջորդ այցելությանս  ընթացքում կձիարշավենք Արմաղան լեռնագագաթ,  կբացահայտեմ տեղի գեղեցիկ բնությունն ու պատմամշակութային վայրերը։

Գավառ

Գեղարքունիքի մարզի ամենահամեղ կանգառը Գավառն է։ 

Գաթան և փախլավան Գավառին բնորոշ քաղցրեղեններ են, իսկ քյուֆտան՝ Գավառի ամենահայտնի ճաշատեսակներից մեկը։ Այստեղ ձեզ կծանոթացնեն քյուֆթա պատրաստելու ողջ ընթացքին։ Համի մասին կլռեմ, լուսանկարում ամեն ինչ երևում է։

Մադինա

Գեղարքունիքի մարզի ճանապարհորդությունն ունի մի շարք մշակութային կանգառներ,  արվեստագետ Ներսես Կարապետյանի արվեստանոցը գտնվում է Մադինա գյուղի արևելյան հատվածում, կիրճի վրա, որտեղով հոսում է Արգիճի գետը։

Շինությունը նման է ամրոցի, ներս մտնելուն պես կտեղափոխվեք մշակութային գունեղ մոլորակ։  Այսօր էլ տունն ունի այն ջերմությունը, որը տարածում էր նկարիչն իր կենդանության օրոք։ Շրջելով գյուղում, կարող եք հանդիպել նկարիչի նախկին աշակերտներին, որոնք հաճույքով կպատմեն նկարիչի հետ կապված հետաքրքիր պատմություններ։ 


Օրն ավարտում ենք Սևանում գտնվող Բոհեմ արվեստանոց-թեյարանում, իր տեսակի մեջ եզակի այս վայրի մասին նախորդ տարի եմ պատմել։ 

Ջերմ միջավայրում «Ճամփի ընկեր»-ներով քննարկեցինք օրվա իրադարձությունները։  Ժամանակն է վերադառնալ Երևան, այսքանով ճանապարհրոդությունը ավարտված չէ։ 

Միշտ հաճելի է լավ «Ճամփի ընկեր» ունենալը։ Օրվա ավարտին փոստքարտերից մեկը փոստային կապի միջոցով ուղարկեցինք մեր մտերիմներին, ովքեր շատ շուտով կայցելեն մարզ ու կանցնեն այս ճանապարհով։

 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on