Արցախ Բացահայտենք Ուղղություններ

Կաչաղակաբերդ.Ասք բերդի մասին

on
25.05.2021

Տարիներ առաջ, ձեռքիս տակ Արցախի մասին պատմող գիրք կար, առանձնահատուկ ուշադրություն դարձրեցի Կաչաղակաբերդին, և՛ պատմությունն էր գրավիչ, և՛ բնությունը, որով շրջապատված էր բերդը: Անհագ ցանկություն առաջացավ հայտնվել այստեղ և սեփական փորձով ճաշակել բերդից բացվող տեսարանը: 

Արցախի, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում եմ, որտեղից էլ  սկսվում է ճանապարհորդություն դեպի Կաչաղակաբերդ: Ի դեպ, լեռան գագաթը, որի վրա կանգնեցված է բերդը, ճանաչելի  է տասնյակ կիլոմետրերից: Տեղի բնության մասին միայն ասել գեղեցիկ, կնշանակի ոչինչ չասել: Բարձր անտառապատ բլրի վրա անհնար է չնկատել կտրուկ վեր խոյացող մի լեռան գագաթ: Փարթամ բնությունը ձեզ կտեղափոխի հրաշագործների աշխարհ, կսկսեք մտածել, անտառում բնակվող բարի օդային ոգիների գոյության մասին: Դուք բացում եք դուռը, անցնում շեմը և հայտնվում հիանալի կախարդական աշխարհում, վայր որտեղ կենդանի բույսեր են, թռչուններ, իսկ յուրաքանչյուր անկյուն կարող է մի ակնթարթում վերածվել հեքիաթի:

Կաչաղակաբերդին հասնելու համար դեռ շատ ժամանակ կա, նայելով բերդին, հասկանում ես, որ ոչ թե մենք ենք խենթ, այլ՝ աշխարհը, որը ժամանակագրության միջոցով մեծ փոփոխությունների է ենթարկել ամեն ինչ ու դա է պատճառը, որ նախկին կյանքն ու այսօրվա, ժամանակակիցը իրարից տարբերվում են ծայրահեղորեն:

Բերդի ընդգրկած տարածքը հեռվից նայելիս փոքր կթվա, բայց իրականում բավականաչափ մեծ է: Ամրոցի տարածքը բավականին ընդարձակ է: Մինչ օրս պահպանվել են ամրոցի որոշ սրահները, ժայռերի մեջ փորած գաղտնամուտքերը և պահեստները, ինչպես նաև հրակնատները, որտեղից քարկոծում էին թշնամիներին: Խմելու ջրի ապահովման խնդիրը յուրահատուկ լուծում ուներ. ամրոցի կենտրոնում փորվել էր երկու ջրհոր, որտեղ հավաքվում էր անձրևաջրերն ու ձնհալը: Ժայռից, որտեղ գտնվում է Կաչաղակաբերդը, հիանալի տեսարան է բացվում դեպի անտառապատ սարերը և ներքևում հոսող Թարթառ գետը:


Բազմիցս Կաչաղակաբերդը պաշտպանել է հարակից գյուղերի բնակիչներին: Համաձայն Մովսես Կալանկատուացու, IXդ.-ում Սպրամ անունով մի իշխանուհի, կորցնելով ամուսնուն, «տղամարդու արիություն է ձեռք բերում և, վերցնելով իր հետ ողջ մնացած աղջկան, հաղթահարելով երկար գիշերային ուղին, պաշտպանվում է Խաչենի ամրոցում»: Իր գերիշխող դիրքի և բացարձակ անմատչելիության շնորհիվ, բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի: Պատահական չէ, որ ժողովուրդը ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից` չհասնելով պարսպին:

Պատմությունը փոխանցել է նաև բերդի անվանման մեկ այլ ծագում: Մի զավթիչ պաշարում է Կաչաղակաբերդը: Երբ նա տեսնում է ամրոցի անառիկությունը, անշուշտ հրաժարվում է այն հարձակումով գրավելու մտքից: Որոշում է սպասել մինչ պաշարվածները ինքնակամ կհանձնվեն: Անցնում է մի քանի ամիս: Զավթիչը համոզված էր, որ սննդի պաշարները բերդում վաղուց սպառվել են, սակայն, ի զարմանս նրա, պաշտպանությունից ոչ ոք դուրս չէր գալիս: Եվ ահա, երբ արդեն հնչում է նահանջի հրամանը, զավթիչին զարմացնում է մի տարօրինակ երևույթ…Այդ տեղանքում շատ են կաչաղակները, որոնց հաճախ կարելի է տեսնել բերդի մոտ թռչելիս:

Սակայն այդ օրը, վաղ առավոտյան, գագաթի վրա հայտնվում է կաչաղակների չափազանց մեծ բազմություն: Տեսնելով դա, զավթիչը ամրոց ուղարկեց մի քանի զինվոր, որոնք դժվարությամբ մտան բերդ: Նրանց ներկայությունից կաչաղակները թռացրիվ եղան, իսկ թռչունների տակ պարկած մնացին մեռյալներ: Պատսպարվելով ամրոցում և միաժամանակ պաշտպանելով այն` հայերը սովամահ են լինում, սակայն չեն հանձնվում: Այսպիսով կաչաղակները իմաց են տալիս թշնամուն այն մասին, որ գագաթում այլևս չմնաց կենդանի պաշտպան, և զավթիչը առանց դիմադրության վերցնում է գրեթե ազատագրված ամրոցը:

Երկար տարիներ մարդիկ նայելով գագաթին հիշում էին այն կենդանիներին, որոնք մի ժամանակ հանձնեցին բերդը: Կաչաղակների անունով էլ ամրոցը մնաց ժողովրդի հիշողության մեջ: Բերդին հասնելու համար մագլցելով բարձրացանք ժայռերը: Բնության ուժն ամենահետաքրքիրն ու զորեղն է: Շատ կարճ ժամանակամիջոցում ներսումդ կուտակված բացասական լիցքերը կարողանում է փոխարինել դրականով:

Քայլարշավը կգնահատեի միջին բարդության, միգուցե նաև բարդ: Ճանապարհին հանդիպած դժվարություններից հետո որոշեցինք մեկ ժամ մնալ վերևում: Բազմիցս ասել եմ, որ քայլարշավները թույլ են տալիս ճանաչել սեփական անձը, ու մի բան հայտնաբերեցի, մտքերիս ընթացքն էր փոխվել, ձերբազատվել էի բացասական մտքերից: Բնության իշխանական տեսարանը, կազդուրել էր ու ապաքինել անխրախուսելի դատողություններից:


Վերադարձա Ստեփանակերտ, պատրաստվում եմ գիշերել «Եվրոպա Արցախ» հյուրանոցում, որի մասին կպատմեմ հաջորդ հոդվածում:

Արցախ ճանապարհորդելու ընթացքում ես միայն հասկանում: Մեզանից յուրաքանչյուրն է զարհուրելի բաների միջով անցել, սակայն կարևորը չկոտրվելն է, պետք է կրկին փորձել, իհարկե վախը մեծ է, կկարծեք նորից կձախողվեք և կապրեք նույն տանջանքները: Սակայն եթե մենք չհավատանք, որ ապագան ներկայից մի քիչ լավն է լինելու, եթե չհուսանք, որ մեր կյանքն ինչ-որ չափով կլավանա, ապա մենք հոգեպես կմահանանք, իսկ այս հույսը չկորցնելու համար պետք է ընդամենը  հաճախ հայկական լեռնաշխարհի բնությանը մոտ լինել:

Երթուղի՝ Քոլատակ գյուղ-Կաչաղակաբերդ

Երկարություն՝ 18 կմ.

Դժվարություն՝ միջին բարդության

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ:

Որոնել
Արխիվ