Արագածոտն Բացահայտենք Ուղղություններ

Քարե դռնավոր․Քաղաքակրթության մեկ այլ փուլ

on
04.04.2020

Շրջելով և բացահայտելով  Հայաստանի բացառիկ վայրերը, կհասկանաք, որ նախնիները ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման մի որոշակի մակարդակի և ստեղծելով իր ժամանակաշրջանի համար բացարձակ, հաճախ եզակի կոթողներ, կտրուկ հրաժարվել են  այդ ամենից ու անցել նախորդից արմատապես տարբերվող, նոր չափանիշների, մոտեցումների, ճարտարապետական ու շինարարական միանգամայն նոր որակների և արժեքների:

Նման կոթողներից է Արագածոտնի մարզի, Ուջան գյուղից ոչ շատ հեռու գտնվող Քարե դռնավոր քարանձավը, մի քանի կիլոմետր սարերով և ձորով քայլելուց հետո Հայաստանի քարանձավագիտական թիմի (Armenian Speleo Team) AST համահիմնադիր Տիգրան Արմենյանի ուղեկցությամբ գտանք քարանձավը, նույնիսկ փորձված աչքը կարող է շփոթել գտնվելու վայրի հարցում, քանի որ այն թաքնված էր։

Կանգնած ենք Քարե դռնավոր քարանձավի առջև։ Առաջին զգացողությունը զարմանքն էր, հետո հիացմունքը։  Ըստ վարկածներից մեկի՝ քարե դռները 4000-5000 տարեկան են, մյուս վարկածով դրանք թվագրվում են վաղ միջնադարին:

Անվանումը ձեռք են բերել թունելի մեջ և սրահների միացման անցուղիներում տեղադրված քարե դռներից:

Վերադարձից հետո թերթեցի քարանձավագետ Սամվել Շահինյանի գիրքը, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացնում էր  Քարե դռներով քարանձավները և նրանց կառուցման սկզբունքների նույնությունը Իռլանդական դամբարանների հետ։ Կներկայացնեմ միայն մի հատվածը։ Պարզվում է, Քարե դռնավոր քարանձավները հրաբխային շերտերում փորված ժայռափոր կառուցվածքներ են որոնք բազմաֆունկցիոնալ կիրառություն են ունեցել: Սրանք հիմնականում տեղադրված են լանդշաՖտի թեք մասերում, իսկ ավելի հաճախ ձորերում և ձորակներում: 

Նմանտիպ քարանձավները բաղկացած են սրահից և դրսի հետ հաղորդակցվում են թունելով: Նրանք դեռևս պահպանվել են Արագածի փեշերին և համեմատաբար մեծ խտությամբ տարածված են Բյուրականից Կոշ ընկած հատվածում: Այս տիպի քարանձավների կառուցումն ու նպատակային շահագործումը 17-րդ դարի վերջում դադարեցված է եղել: Չնայած բացառված չէ, որ ավելի ուշ, 19-20-րդ դդ. օգտագործման մասնակի դեպքեր եղած լինեն Ուջան,Կոշ և հարակից գյուղերում:Թե երբ է ձևավորվել քարե դռներով քարանձավների կառուցելու ճարտարապետական մշակույթը, ճշգրտորեն դժվար որոշել, սակայն այս հարցին մոտավոր պատասխանել կարելի է:

Ք.ծ.ա. 2-1 հազարամյակների բազմաթիվ հուշարձաններ են պահպանվել ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ Հայկական Լեռնաշխարհում, որոնք հաստատում են քարե դռների և դոլմենատիպ շարվածքով ստորգետնյա անցուղիների և գաղտնամուտքերի օգտագործման փաստը: Ավելի հին հուշարձանների, որոնց ճարտարապետության մեջ այս շինարարական տեխնոլոգիաները կարևոր բաղադրիչ և մաս են կազմում` կարող եք հանդիպել Բրիտանական կղզիներում: Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, կենտրոնական և հարավային Ֆրանսիայում,Իսպանիայի հյուսիսում,Իտալիայում բազմաթիվ են քարակերտ ճարտարապետական այն հուշարձանները ,որոնց տարիքը 3-4 հազարամյակ է գնահատված:


Ճանապարհորդությունը տարավ քաղաքակրթության մի փուլ, ինչը ամբողջությամբ բացահայտելու համար տևական ժամանակ կպահանջվի։

 

 

Comments

ԹԵԳԵՐ
ՆՄԱՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ

LEAVE A COMMENT

Lilit Khachaturyan
Armenia, Yerevan

Ողջույն, իմ անունը Լիլիթ է և սա իմ ճանապարհորդությունն է: Այս բլոգն իմ ճանապարհների մասին պատմելու լավագույն տարբերակներից է: Տեղ գտած յուրաքանչյուր պատմություն արտացոլում է իմ տեսածը, զգացածն ու փորձածը: Սիրում եմ երկար ճանապարհներ, գրքեր, գույներ, չեմ կարողանում անտարբեր անցնել քաղցրավենիքի կողքով, մինչ օրս վախենում եմ մորեխներից և գյուղական զուգարաններից: Բարի գալուստ իմ աշխարհ:

Որոնել
Արխիվ